Ուկրաինայի խնդրի լուծումը «Մինսկ-2»-ի իրականացման մեջ է, այլ ոչ ընթրիքների. Օլանդ
Ուկրաինայում իրավիճակը կարգավորել թույլ կտա Մինսկի համաձայնագրերի ամբողջական կատարումը, այլ ոչ լավ ընթրիքը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Society ամսագրին տված հարցազրույցում, գրում է ria.ru-ն:
«Ռուսաստանի շահն այն է, որ թույլ չտա ՆԱՏՕ-ին Ուկրաինայի միացում, որը կստեղծի ուղիղ կապ նրա հետ, ինչը Ռուսաստանը որպես սպառնալիք է դիտում: Եվրոպայի շահը Ռուսաստանի հետ քննարկումներ ունենալն է, քանի որ դա հսկայական երկիր է: Ուկրաինայի շահը տարածքային ամբողջականությունը պահպանելն է: Եվ մենք լավ տեսնում ենք, որ լուծումը Մինսկի համաձայնագրերի ամբողջական իրականացման մեջ է»,- կարծում է Ֆրանսիայի նախագահը:
Նա նշում է, որ «արտաքին քաղաքականությունը ոչ միայն անձնական հարաբերություններն են, այլ իրականությունը, հավակնությունները և շահերը»:
«Շատ միամիտ է կարծել, որ բավական է միասին լավ երեկո անցկացնել, մեկ բաժակ խմել կամ լավ ընթրիք ունենալ, որպեսզի ամեն ինչ լավ լինի»,- նշել է Օլանդը:
Հիշեցնենք, որ փետրվարին Մինսկում «նորմանդական քառյակի»՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները պայմանավորվել են փետրվարի 15-ի ժամը 00։00-ից կրակը դադարեցնելու մասին:










