ԵՏՄ երկրները պետք է ճգնաժամը հաղթահարելու պլան մշակեն. Նազարբաև
Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Նուրսուլթան Նազարբաևը և Ալեքսանդր Լուկաշենկոն մարտի 20-ին Աստանայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են երեք երկրների փոխադարձ առևտրի խորացման և տնտեսական համագործակցության հարցերը, համաշխարհային տնտեսության միտումները, ինչպես նաև Ուկրաինայում իրավիճակը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Ղազախստանի առաջնորդի մամուլի ծառայությանը:
Ինչպես նշվում է՝ Նազարբաևն «ընդգծել է կարծիքների փոխանակման անհրաժեշտությունն ուկրաինական ճգնաժամի շուրջ իրադարձությունների վերաբերյալ, որոնք ազդեցություն են գործում նաև այլ երկրների վրա»:
«Ղազախստանի նախագահն ուշադրություն է դարձրել ակտիվ և կանոնավոր հանդիպումների կարևորությանը՝ հեռանկարային ուղղությունները քննարկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ղազախստանի նախագահը նաև կարծիք է հայտնել, որ ԵՏՄ երկրները պետք է ճգնաժամը հաղթահարելու պլան մշակեն:
Նա նաև հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը հնարավոր չէ լուծել ռազմական ճանապարհով: Նազարբաևը հանդես է եկել Դոնբասում Մինսկի պայմանավորվածությունները կատարելու օգտին:










