Ուրախ կլինեինք, որ ՀՀ-ն կարողանար վերահսկել Եվրանեսթի վեհաժողովը. Ֆարմանյանի հումորով պատասխանը՝ Սուլեյմանովին

15:02 • 20.03.15

Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստի ավարտին համանախագահներ Սաջադ Քարիմից և Սամվել Ֆարմանյանից լրագրողները հարցրին, թե ինչպես կմեկնաբանեն ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սուլեյմանովի հայտարարությանը, թե Եվրանեսթի ժամանակ հայկական կողմը մանիպուլյացիաներ է արել:


«Մենք բարեհաջող աշխատանք ենք ունեցել, Եվրանեսթի ժամանակ բոլոր մասնակիցներս տխրեցինք, որ Ադրբեջանը չէր մասնակցում այս գործընթացին, եվրոպական տեսանկյունից գոհ ենք արդյունքներից, երկու բանաձևերից, եղան լուրջ բանավեճեր, բանակցություններ, քննարկումներ ու հաստատվեցին օրակարգի հարցերը»,- ասաց Սաջադ Քարիմը, ով նշեց, թե  գնալու են այստեղից՝ քաջ գիտակցելով, որ Եվրանեսթը կարևոր դեր ունեցավ:


Սաջադ Քարիմը նաև ընդգծեց, որ Եվրոպական խորհրդարանը պաշտոնական նամակ չի ստացել Ադրբեջանից այդ հայտարարության մասին, ու երբ ստանան, կպատասխանեն այդ հայտարարությանը:


Սամվել Ֆարմանյանն էլ հումորով ասաց, թե ուրախ կլիներ, որ Հայաստանն այդքան հնարավորություն ունենար՝ վերահսկելու Եվրանեսթի վեհաժողովը: Իսկ արդեն ավելի լուրջ՝ նկատեց, թե Սուլեյմանովի հայտարարությունը սխալ ճանապարհ է, որով ուղղորդվում է Ադրբեջանը: «Մենք չենք կարող խուսափել շփումից ու միմյանց տեսակետները լսելուց, ցավում եմ նման հայտարարության համար»,- ասաց նա: