Համայնքների խոշորացման խնդիրը վերցրել են եվրոպական երկրներից և նույնությամբ կապկում են. Զոյա Թադևոսյան
Տնտեսագետ Զոյա Թադևոսյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով համայնքների խոշորացման կառավարության ծրագրին, ասաց, թե այն բազմաթիվ դժվարություններ է առաջացնելու գյուղացիների համար: Ըստ նրա՝ համայնքների խոշորացումով փորձ է արվում ինչ-որ տեղ նաև գյուղական համայնքների միջոցները յուրացնելը կառավարելի դարձնել:
«Համայնքների խոշորացման խնդիրը վերցրել ենք եվրոպական երկրներից, ծրագրի հեղինակները տեսնում են, թե ուրիշ երկրներն ինչ են անում, իրենք էլ նույնությամբ կապկում են: Օրինակ՝ Գերմանիայում տասնյակ հազարավոր խնդիրներ կային, որոնք դժվարացնում էին համայնքների կառավարումը, ինչի արդյունքում այդտեղ տեղի ունեցան խոշորացման գործընթացներ: Այդ, այսպես ասած շարժումը տեղափոխվել է Հայաստան և հիմնավորումը դարձյալ ավելի օպերատիվ կառավարում իրականացնելն է, սակայն դրա անհրաժեշտությունն այս պահին չկա»,- ասաց Զոյա Թադևոսյանը:
Մանրամասնելով իր ասածը՝ տնտեսագետը նշեց, որ գյուղական շրջանները միմյանց հետ կապված են շատ վատ ենթակառուցվածքներով՝ կապը, տրանսպորտային ճանապարհները:
«Դա կնշանակի, որ գյուղից դուրս ընկած ճանապարհները, որոնք անմխիթար վիճակում են, ամենևին բարենպաստ չեն, որպեսզի անհրաժեշտության դեպքում գյուղացին տեղաշարժվի համայնքային կենտրոն և կարողանա իրեն անհրաժեշտ փաստաթղթեր ձեռք բերել: Նա ստիպված է լինելու երկար ժամանակ ծախսել այդ ճանապարհների վրա: Բացի դրանից էլ լրացուցիչ այլ դժվարություններ են առաջանում»,- ընդգծեց նա։
Տնտեսագետը նաև նշեց, որ գյուղերում կան ազգակցական միավորումներ, գյուղերը դարձել են մի ընտանիք, որտեղ գյուղապետը բարեկամ է, ամբողջ գյուղին ճանաչում է, հեշտությամբ լուծում է գյուղացիների հարցը:
«Իսկ համայնքների խոշորացման դեպքում որևէ փաստաթուղթ ձեռք բերելու համար մեկ գյուղից մյուսը գյուղացին պետք է տեղաշարժվի, որտեղ կան մի շարք դժվարություններ՝ անծանոթ միջավայր, անտառոտ ճանապարհներ, որտեղ տրանսպորտային միջոցներ էլ չկան»,– ասաց նա:
Հետևաբար, ըստ Զոյա Թադևոսյանի, բավական դժվարություններ են առաջանում գյուղացիների առօրեական խնդիրները լուծելու համար: Աշխատատեղերի կրճատման հարցը, տնտեսագետի գնահատմամբ՝ նույնպես խնդիր է:
«Ինձ թվում է, որ գյուղական համայնքներին հատկացվող միջոցները հիմնականում իրենց մարդկանց ձեռքում կենտրոնացնելն է, որպեսզի ավելի կառավարելի լինեն այդ միջոցները: Չեմ տեսնում կառավարման օպտիմալացման իրական հնարավորություն կամ պատճառ, ամեն ինչ արվում է ձևական, ինչ-որ տեղ նաև գյուղական համայնքների միջոցները, յուրացնելու առումով, կառավարելի դարձնելու համար»,- ասաց Զոյա Թադևոսյանը:
Տնտեսագետի գնահատմամբ՝ կառավարման խնդիրն այդպիսով ավելի է դժվարանում: «Յուրաքանչյուր գյուղի գյուղապետ իր գյուղը ճանաչում է, և բոլոր տիպի հարցերը, որ առաջանում են համայնքների ղեկավարների հետ, հեշտությամբ լուծվում են: Համայնքներն ապրում են համայնքների սկզբունքով, և այդ բարեկամական կապերի կառավարումը շատ ավելի հեշտ է: Քանի դեռ համայնքները զարգացած չեն այնքան, որ հեշտանա շփումը տարբեր համայնքների միջև, այդ հարցը դեռևս տեղին չէ ընդհանրապես քննարկել»,- նկատեց Թադևոսյանը:
Տնտեսագետն ասաց, թե գուցե խոշորացման ծրագրի տակ խնայողություններ են ենթադրում, ինչը տրամաբանական է. «Բայց դա ի՞նչ խնայողություն է լինելու՝ գյուղապետի աշխատավարձի՞, բայց չէ՞ որ եթե մի քանի համայնքներ միավորվեն և դառնան մեկը, միևնույն է այդ յուրաքանչյուր համայնքին հատկացվող բյուջետային միջոցները կամ տեղական հարկերից առաջացած միջոցները շարունակվում են պահպանվել և յուրաքանչյուր գյուղի համար ծախսը նորից կմնա ծախս: Այնպես որ, շատ խնայողություն չի լինի, բայց որ կլինի գործազրկություն և այդ լրացուցիչ գործազրկությունը դառնում է սոցիալական ծանր բեռ պետության համար, դա արդեն ծածկելու է այն օգուտները, որ ցանկանում են ստանալ գյուղական համայնքը կրճատելու ճանապարհով»:










