Հագնվել եղանակին համահունչ, ինքնաբուժությամբ չզբաղվել. մասնագետի կոչը՝ կապված սուր շնչառական վարակի հետ
Առողջապահության նախարարությունը կոչ է անում հագնվել եղանակին համահունչ, ինքնաբուժությամբ չզբաղվել և եթե երկու օրվա ընթացքում ոչինչ չի փոխվում դիմել բժշկական օգնության, սնվել վիտամիններով հարուստ սննդով, վարել առողջ ապրելակերպ, հետևել հիգիենայի կանոններին, հաճախ օդափոխել տարածքը, և հիվանդ լինելու դեպքում՝ մնալ տանը:
Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի օդակաթիլային վարակների և հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը։
Անդրադառնալով մանկապարտեզներին՝ նա ասաց, որ մանկապարտեզներում ուսումնասիրությունը ևս շարունակվում է, վեր են հանվում երեխաների բացակայութան պատճառները, հանկարծակի այցելություններ են կատարվում մանկապարտեզներ: Նա նկատեց, որ երբեմն ծնողները երեխայի բացակայությունը պատճառաբանում են, թե նա հիվանդ է, քանի որ այդպես հեշտ է, սակայն հնարավոր է, որ երեխան պարզապես ցանկացել է տանը մնալ:
Նա նշեց, որ եթե առանձին մանկապարտեզների փակման որոշում կայացվի, ապա պետք է հիմք ընդունել ռեալ հիվանդացության պատկերը, ինչի ուղղությամբ աշխատում են քաղաքապետարանի հետ: Լիանա Թորոսյանն ասաց, որ վերջին մի քանի օրվա ընթացքում հիվանդացության նվազում է գնում: «Մենք այժմ սեզոնային հիվանդության երկրորդ ալիքի մեջ ենք գտնվում, իսկ առաջին ալիքը համարվում է հոկտեմբերը»,- ասաց նա:










