Այսօր լրանում է Քեսաբի դեպքերի 1 տարին. հայաբնակ ավանն այլևս նախկինը չէ
Սիրիայի Քեսաբ հայաբնակ ավանն անցյալ տարի այս օրն անցել էր իսլամիստ ծայրահեղականների վերահսկողության տակ՝ անմիջապես հայտնվելով միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։
Դեպքերից մեկ տարի անց քեսաբահայերը թեև վերադարձել են իրենց տները, սակայն նշում են, որ այն այլևս առաջվանը չէ։
Իսլամիստների կողմից կողոպտված, մասամբ ավերված քաղաքը վերականգնելու համար դեռ շատ ջանքեր ու նյութական միջոցներ են հարկավոր, բայց քեսաբահայերը մտադիր չեն լքել այն։
Քեսաբում այսօր էլ երբեմն կրակոցներ են հնչում՝ խուճապահար բնակիչներին ստիպելով գոնե կանանց ու երեխաներին Լաթաքիա քաղաք հասցնել։ Երբեմնի ծաղկուն ավանն այժմ դիպուկահարների նշանառության տակ է, և մարդիկ անգամ իրենց այգիներում հանգիստ աշխատելու հնարավորություն չունեն։
Միջերկրական ծովից 8 կմ հեռավորությամբ գտնվող ավանը, ըստ տարբեր աղբյուրների, ունի մոտ 5.000 բնակիչ, որոնց 80%-ը հայեր են։
Այն գտնվում է թուրքական Հաթայ նահանգի Յայլադաղը սահմանադռնից 3 կմ հեռավորությամբ և հենց այդ կողմից էլ սկսվել էր հայաբնակ ավանի վրա իրականացված հարձակումը։
Քեսաբահայերը պնդում էին, որ Թուրքիան այդ ամենի անմիջական մասնակիցն է եղել։
Քեսաբի դեպքերն արտասահմանյան, այդ թվում՝ նաև թուրքական լրատվամիջոցներին հիշեցրել էր մոտեցող Ապրիլի 24-ի ու Հայոց ցեղասպանության մասին...։










