Սորբոնում Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով է անցկացվում

13:33 • 27.03.15

Սորբոնում (Ֆրանսիա) մարտի 25-ին բացվել է «Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը, 1915-2015. հետազոտության հարյուր տարի» խորագրով միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել է Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային գիտական խորհուրդը:

 

Եռօրյա գիտաժողովն անցկացվում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հովանու ներքո, գրում է asbarez.com-ը:

 

Այս իրադարձությունը հավաքել է ողջ աշխարհից տասնյակ անվանի հետազոտողների և պատմաբանների:

 

Ֆրանսիայի կրթության և հետազոտության նախարար Նաջաթ Վալո-Բելկասեմը բացել է միջազգային գիտաժողովը՝ ազդեցիկ ելույթ ունենալով 20-րդ դարի առաջին ցեղասպանության մութ կողմերի մասին:

 

«Աղբյուրների, վերապրածների վկայությունների և փաստաթղթերի մանրամասն ուսումնասիրությունը հաստատել է, որ Հայոց ցեղասպանություն եղել է»,- ասել է նա:

 

Նախարարն ապրիլի 24-ին կայցելի Երևան՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հիշատակման միջոցառումներին՝ նախագահ Օլանդի հետ միասին:

 

Սորբոնում Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով է անցկացվում