Արևային էներգիայով գործող ինքնաթիռն ուղևորվել է Չինաստան

11:25 • 30.03.15

Թռչելու համար բացառապես արևային էներգիա օգտագործող Solar Impulse 2 ինքնաթիռը շուրջերկրյա ճանապարհորդության շրջանակում երկուշաբթի դուրս է եկել Մյանմայից` ուղղություն վերցնելով դեպի Չինաստանի կենտրոնական հատված:

 

Ինչպես նշում է ria.ru-ն, ինքնաթիռը 20 ժամ տևողությամբ թռիչքի ընթացքում պետք է հաղթահարի 1.375 կմ հեռավորություն ու վայրէջք կատարի Չունցին քաղաքի միջազգային օդանավակայանում: Նշվում է, որ Չունցինից հետո այն կուղևորվի դեպի մեկ այլ չինական քաղաք` Նանկին:

 

Չինաստանից հետո Solar Impulse 2-ը կանգառներ կունենա Հավայան կղզիներում, ամերիկյան Ֆենիքս ու Նյու Յորք քաղաքներում, Հարավային Եվրոպայում կամ Հյուսիսային Աֆրիկայում և, վերջիվերջո, կվերադառնա Աբու Դաբի: Այսպիսով՝ շուրջերկրյա ճանապարհորդությունը կտևի 5 ամիս:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Solar Impulse 2 ինքնաթիռի թևերի բացվածքը 72 մ է, քաշը` 2.3 տոննա: Դրա թևերից ամեն մեկը պատված է 17.2 հազար արևային մարտկոցով, որոնք էներգիայով են ապահովում ինքնաթիռը: Սարքի զարգացրած առավելագույն արագությունը 140 կմ/ժ է:

Արևային էներգիայով գործող ինքնաթիռն ուղևորվել է Չինաստան