Լուգանսկում Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցադրություն է բացվել
Լուգանսկի Գորկու անվան գիտական գրադարանում ապրիլի 16-ին կայացել է «Ցեղասպանություն՝ պատմության դասեր» խորագրով կլոր սեղան՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին, գրում է lnr-portal.su-ն։
Միջոցառման կազմակերպիչներն են եղել ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության նախարարների խորհուրդը, «Կռունկ» հայկական ազգային մշակութային միությունը, Ժողովրդական արվեստի Լուգանսկի կենտրոնը, Գորկու անվան գիտական գրադարանը։
Միջոցառման սկզբում մասնակիցները ներկա են եղել «Մենք հիշում ենք այդ գարունը...» խորագրով արխիվային լուսանկարների ցուցադրությանը և «Հայաստանի մշակույթը» դեկորատիվ-կիրառական արվեստի, գրականության ցուցադրությանը։
Կլոր սեղանի աշխատանքին մասնակցել են Լուգանսկ քաղաքի ազգային-մշակութային միության ներկայացուցիչները, դասախոսներ և բուհերի ուսանողներ։










