Ատոմ Էգոյանին շնորհվելու է Կանադայի Գլխավոր նահանգապետի հեղինակավոր մրցանակը
Ատոմ Էգոյանին շնորհվելու է Կանադայի Գլխավոր նահանգապետի՝ Կատարողական արվեստի մրցանակը: Այն, որ Էգոյանին շնորհվելու է այս չափազանց հեղինակավոր մրցանակը հայտնի է դարձել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակին նվիրված Տորոնտոյի սիմֆոնիկ նվագախմբի համերգից օրեր առաջ, գրում է Toronto Star-ը:
Մրցանակը շնորհվելու է Օտավայի Ազգային արվեստների կենտրոնում մայիսի 31-ին կայանալիք հատուկ արարողության ժամանակ: Էգոյանը բազմաթիվ մրցանակների է արժանացել տարիների ընթացքում, բայց Կանադայի Գլխավոր նահանգապետի մրցանակակիրները քիչ են, գրում է Toronto Star-ը:
Էգոյանի «Արարատ» ֆիլմը չորեքշաբթի օրը կցուցադրվի Տորոնտոյում, նույն օրը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հատուկ համերգ տեղի կունենա, որի ժամանակ կներկայացվի հայկական երաժշտությունը: Երեկոյի ընթացքում կհնչի նաև Էգոյանի ֆիլմի համար գրված, վաստակավոր երգահան Մայքլ Դաննայի «Արարատ» կոչվող 20 րոպե տևողությամբ ստեղծագործության պրեմիերան:
Toronto Star-ի հիշեցնում է նաև, որ աշնանը կայանալու է Էգոյանի «Հիշիր» վերջին ֆիլմի պրեմիերան, որի թեման կրկին ցեղասպանությունն է, այս անգամ Հոլոքոստը: Այս տարի Էգոյանի կարիերան բարձրակետի է հասնում, գրում է կայքը՝ հաշվի առնելով Տորոնտոյի նվագախմբի «Արարատին» ցուցաբերած պատիվը, մայիսին սպասվող մրցանակաբաշխությունը, ինչպես նաև աշնանը ֆիլմի պրեմիերան:










