Ցեղասպանությունը վերապրել է Արևմտյան Հայաստանի հայկական ձեռագրերի 1/10-րդ մասը. Հ. Թամրազյան

11:44 • 19.04.15

Ըստ մոտավոր հաշվարկների Հայոց ցեղասպանությունից փրկվել են հայկական ձեռագրերի ընդամենը 1/10-րդ մասը, տասնյակ հազարավոր ձեռագրեր կորստի են մատնվել:

 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը՝ նշելով, որ բոլոր վկայություններով ու  ձեռագրացուցակների ամբողջ մատենագիտական պատմությունների ու աշխատությունների հիման վրա կարելի է փաստել, որ մինչ Ցեղասպանությունը ամեն մի վանք ունեցել է հարյուրավոր ձեռագրեր, իսկ առանձին եկեղեցիներն ունեցել են ամենաքիչը տասը ձեռագիր, ծիսական ժողովածուներ: 


«Այդ հաշվարկներով հայտնի է, որ 250 վանք ու եկեղեցի է կործանվել Ցեղասպանության հետևանքով: Այսինքն՝ ստացվում է, որ մեր ձեռագրական կորուստները տասնյակ հազարավոր են: Պահպանվել է միայն 1/10-րդ մասը, որը հետագայում անընդհատ համալրվել է Ցեղասպանություն վերապրած ու փրկված ձեռագրերով»,-ասաց նա:


Նշենք, որ օրեր առաջ Մատենադարանում բացվեց բոլորովին նոր ցուցադրություն՝ «Վերապրած ձեռագրեր» խորագրի ներքո, որտեղ ներկայացվում են բացառիկ ձեռագրեր ու արխիվային փաստաթղթեր, որոնք վերապրելով Հայոց ցեղասպանությունը հասել են մեզ:


Հարցին, թե տարվա ընթացքում կլինեն նոր ցուցադրություններ, Հրաչյա Թամրազյանը պատասխանեց, որ ցուցադրություններն անընդհատ նորացվելու ու նորոգվելու են:


«Նաև գիտաժողովներ ենք կազմակերպելու, առանձին գրքեր ու մենագրություններ են լույս տեսել ու դեռ լույս են տեսնելու»,-ասաց նա:

 

 


 

Ցեղասպանությունը վերապրել է Արևմտյան Հայաստանի հայկական ձեռագրերի 1/10-րդ մասը. Հ. Թամրազյան