Ազգային պարը պետք է մտնի դպրոց որպես ազգային մտածողության արդյունք. Կարին Տոնոյան

14:38 • 26.04.15

 

«Հայ ասպետ» հաղորդման հեղինակ և վարող Կարին Տոնոյանը, Tert.am–ի հետ զրույցում
խոսելով  հանրակրթական դպրոցներում «Ազգային երգ ու պար» առարկայի շուրջ պարարվեստը ներկայացնողների միջև առաջ եկած խնդիրների մասին, ասաց, որ հաղորդաշարի ընթացքում են տեսել, որ պարը երեխաներին ուժ է տալիս, և այդ ժամանակ է ծնվել գաղափարը, որ պարը պետք է մտնի դպրոց:
 

«Մենք տեսանք, որ բավական մեծ քանակով երեխաներ հավաքվելու դեպքում նույն պարը կարողանում են պարել, այն, ինչը երբեք չի ստացվում բեմական պարի դեպքում: Բեմական պարը ոնց բեմում պարում են, այդպես էլ մնում է բեմում, նույնիսկ այդ պարերը պարող երեխաները կյանքում դա չեն օգտագործում»,- ասաց Կարին Տոնոյանը:
 

Հիշեցնենք, որ «Բերդ» համույթի գեղարվեստական ղեկավար Կարեն Գևորգյանն այս ծրագրի մասին խոսելով, ասել էր, թե ի սկզբանե սխալ էր ազգային երգ ու պար առարկայի ներմուծումը դպրոց, քանի որ դպրոցներում արդեն կա երգ-երաժշտություն առարկան: Նա նաև նշել էր, որ շատ կարևոր է, թե ովքեր պետք է դասավանդեն այդ առարկան դպրոցում, և ըստ նրա, ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերվում, երբ Գագիկ Գինոսյանն է դրանով զբաղվում:

 

Արձագանքնելով այս հայտարարությանը, Կարին Տոնոյանն ասաց. «Այս առումով, միանշանակ պետք է պնդեմ, որ այո՛, ազգային ավանդական պարը պետք է մտնի դպրոց, ոչ միայն որպես ուղղակի պարարվեստ,այլ որպես ոգեղենության արդյունք, որպես ազգային մտածողության արդյունք»:


Ինչ վերաբերում է Կարեն Գևորգյանի և Գագիկ Գինոսյանի ընդհարմանը, Կարին Տոնոյանն ասաց, որ շատ ցավում է և կուզենար, որ նրանք միանային, որովհետև, ըստ նրա, երկուսն էլ կարող ուժեր են:


«Էլի մեր անմիաբանության խնդիրն եմ այստեղ տեսնում: Խոնարհվելով երկուսի մշակույթի առջև էլ: Կարեն Գևորգյանն աշխարհով մեկ է մատուցում մեր մշակույթը. նախանձախնդիր, իր արվեստին նվիրված մարդ: Գինոսյանը բոլորովին այլ երևույթ է: Այսօր ոչ ոք չի կարող ժխտել, որ ավանդական պարը և ընդհանրապես հայկական պարը բեմից իջեցրեց և հասարակության մեջ մտցրեց Գագիկ Գինոսյանը»,- ասաց Կարին Տոնոյանը:


Ըստ նրա, Գագիկ Գինոսյանն էր, որ անվճար շրջեց մարզերում և ամբողջ ծախսերն իր վրա վերցնելով մարզ առ մարզ ցույց տվեց ու սովորեցրեց մեր ազգային պարը, ինչը չի արել ոչ մի բեմական խումբ. «Գուցե գնացել են համերգների, բայց այդպիսի բան ոչ ոք չի արել»:


Իսկ թե ովքեր պետք է դասավանդեն դպրոցներում, և ընդհանրապես, ծրագիրը որքանով է լավը կամ կատարյալ, դրա վերաբերյալ էլ Կարին Տոնոյանն ասաց, թե լրիվ համաձայն է Կարեն Գևորգյանի հետ:


«Ես լրիվ ուրիշ ելք կառաջարկեի. Կարեն Գևորգյանը, որ մանակավարժական համալսարանում ղեկավարում է այդ ամբողջ ճյուղը, կարող էր Գագիկ Գինոսյանին հրավիրել, ունենային ֆակուլտետ, որտեղ մասնագետներ կպատրաստեին: Հիմա ուղղակի վախ ունեմ, որ հանկարծ այս բախումը չտապալի ազգային գործը, այսինքն, չբերի նրան, որ ուղղակի կրթության և մշակույթի նախարարությունները հրաժարվեն այդ գործն առաջ տանելուց»,- ընդգծեց Կարին Տոնյանն, ասելով, որ  ցանկացած պարագայում պետք է ելք գտնել, միասին առաջ տանել այս ծրագիրը, որովհետև դրանից երեխաներն են շահելու:


 

Ազգային պարը պետք է մտնի դպրոց որպես ազգային մտածողության արդյունք. Կարին Տոնոյան