Բեռնում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշ–երեկո է անցկացվել
Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնի կենտրոնական Մյունստեր տաճարում տեղի է ունեցել հուշ երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որի ընթացքում կատարվել են Դավիթ Հալաճյանի Missa de Lumine (Պատարագ Լուսո-ն)՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի, «Արդենտ» Մյունխենբուխսեյի մանկական երգչախմբի կատարմամբ և Բերնի Կամերային նվագախմբի նվագակցությամբ, այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Հայաստանի կամերային երգչախմբի տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Արաբյանը:
Հուշ–երեկոյի ընթացքում հնչել են Սևակի, Վարուժանի, Սիամանթոյի երկերից հատվածներ, ասմունքել է Վիբկե Ցոլլմանը։
Պաշտոնական ճառերով հանդես են եկել տարբեր ազգերի ներկայացուցիչներ։ Կատարվել է եկեղեցական արարողություն՝ Գուսան Վարդապետ Ալճանեան, Շնորհք Քահանա Չեքիճեան։
Եվրոպայում կայացած այս խիստ պաշտոնական համերգ-արարողությունը, կապված Ցեղասպանության 100-ամյա տարելիցին, մեծ հնչեղություն է ստացել և հեռարձակվել է տարբեր երկրներում։
Ղեկավարներ՝ Ռոբերտ Մլքեյան, Պետեր Սիգվարդ, Պատրիկ Սեկկիարի, Սուզաննե Գռոսսենբախեր։ Մեներգիչներ՝ Քրիստիանե Բոեսիգեր(սոպրանո),Արամ Օհանյան (բարիտոն)։ Ներկաները` մոտ 1400 հանդիսատես, ստեղծագործությունն ընդունել են մեծ ոգևորությամբ ու հիացմունքով:










