Իմ գեղանկարչության փիլիսոփայությունը լույսն է. Նազիկ Ասլանյանի` «Եղիցի լույս» ցուցահանդեսը՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին

20:28 • 30.04.15

Այսօր տեղի ունեցավ գեղանկարիչ Նազիկ Ասլանյանի` «Եղիցի լույս»  խորագրով անհատական ցուցահանդեսի բացումը, որը նվիրված է  Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Նկարների հեղինակը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս ցուցահանդեսում ներկայացված է ծաղիկների շարքը, և իր գեղանկարչության փիլիսոփայությունը լույսն է:
 

«Լույսը՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին, իր ամբողջ էությամբ, ամբողջ փիլիսոփայությամբ իմ արվեստի հիմքն է: Լույսը պայքար է չարիքի դեմ, ցեղասպանության, խավարի, հոգու և մտքի մթության»,-ասաց նա և նշեց, որ իրեն առաջնորդող գաղափարներն են՝ գեղեցիկը, հոգու և մտքի մաքրությունը: Նա նկատեց, որ իր ցանկացած կտավ  իր մեջ լույս է պարունակում:
 

Նազիկ Ասլանյանն ասաց, որ սա այս տարվա իր առաջին ցուցահանդեսն է, իսկ աշնանը կլինի ևս մեկ ցուցահանդես, և թեև այս անգամ ներկայացված է միայն ծաղիկների շարքը, սակայն եղել է նաև «Ծառերի շարքը»,  «Ռեալիզմի» շարքը ցուցահնադեսները:

«Նկաչությունս ժամանակակից է, կարծում եմ, որ հայկական են գույները, գծերը: Նկարված է մի ծաղիկ, քանի որ գտնում եմ, որ մեկ ծաղիկը կարող է շատ բան ասել, քան ծաղկեփունջը: Մի ծաղիկ  նկարելու մեջ կա նաև անհատի, հերոսի գաղափարը: Այդ փոքր մասնիկը մեծացնելով՝ ցանկանում եմ ցույց տալ այդ ամենի գեղեցկությունը, հզորությունը, գեղեցիկի հզորությունը: Քանի որ ծաղիկը փոքր է,  երբեմն չենք նկատում, թե ինչքան հզոր է, որքան կյանք կա իր մեջ, երբ մեծացնոմ եմ մեծ կտավի վրա, ցանկանում եմ ցույց տալ, թե որքան դինամիկ է այդ ամենը»,-ասաց նա և հավելեց, որ շատ ծաղիկներ կան, որոնք սիրում է, սակայն գեղանկարչական գաղափարներով են լեցուն հիմնականում կակաչը, երիցուկը:
 

Նշենք, որ ցուցահանդեսին ներկայացված է տասնյոթ մեծ կտավ:

Ցուցահանդեսի այցելու, արվեստասեր Ռուբեն Ավետիսյանը նկատեց, որ այս նկարներում  շատ հետաքրքիր գույների խաղ կա:

Գեղանկարչուհի Նազիկ Ասլանյանի մայրը՝ հրապարակախոս, արվեստաբան Կարինե Հակոբյանը նշեց, որ սա Նազիկի յոթերորդ անհատական ցուցահանդեսն է: «Ամեն անգամ ես տարբերություն եմ տեսնում: Այստեղ ցուցադրված նկարները վերջին հինգ տարիների նկարներն են: Նա կարծես այս գույնով, այս լույսով, վառ վրձնահարվածներով պատասխան է տալիս հենց Ցեղասպանությանը»,-ասաց նա և նշեց, որ Նազիկը  շատ անկեղծ ու համարձակ, իր ասելիքը ունեցող,  գույնի ուժգին զգացողությամբ գեղանկարիչ է:
 

Բժիշկ Վաչիկ Բաղդասարյանը նշեց, որ  այս նկարված ծաղիկների մեջ տեսնում է կյանք, կյանքի շարունակություն, երիտասարդություն, գարուն: «Խորը փիլիսոփայական իմաստ կա այս նկարների մեջ»,-ասաց նա:


Գեղնկարիչ  Զոհրաբ Միրզոյանն ասաց, որ իր համար շատ տպավորիչ է այն, որ շատ մեծ ուժով է արված  նկարները, և պոռթկման զգացողություն է նկատվում: «Մեկ-մեկ նայում ես ու չես հավատում, որ կին է նկարչուհին, որովհետև հզորություն եմ զգում»,-ասաց նա և նշեց, որ ամեն ինչ շատ ճաշակով է արված:
Հայտնենք նաև, որ Նազիկ Ասլանյանի աշխատանքները գտնվում են Հայաստանի և արտերկրի պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում:

 

Իմ գեղանկարչության փիլիսոփայությունը լույսն է. Նազիկ Ասլանյանի` «Եղիցի լույս» ցուցահանդեսը՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին