70 տարի առաջ այս օրը կյանքից հեռացել է Հիտլերը. նրա վերջին խոսքերը

12:16 • 30.04.15

Անցյալի համաշխարհային բռնապետները վստահ են եղել իրենց հզորության հարցում։ Սակայն պատմությունը շատ օրինակներ ունի՝ ինչպես են ամբողջ կայսրություններ կործանվել, ոչ միայն անհատներ, գրում է Обозреватель-ը։

 

Ուղիղ 70 տարի առաջ՝ 1945թ. ապրիլի 30-ին, Գերմանիայի կանցլեր Ադոլֆ Հիտլերն ինքնասպան է լինում։ Այդպես ավարտվում է մի մարդու կյանքը, ով իրեն Աստծո հետ էր համեմատում։

 

«Կծկված, հիվանդագին վարդագույն երանգի դեմքով։ Նրա ձախ ձեռքն այնքան ուժեղ էր դողում, որ ցնցվում էր ամբողջ մարմինը։ Մի պահ նա ցանկանում էր բերանին մոտեցնել ջրով լի բաժակը, սակայն նրա աջ ձեռքը նույնպես դողում էր այնպես, որ ստիպված էր թողնել այդ փորձը»,- այսպես է նկարագրել Հիտլերին մահվան նախօրեին ականատեսներից մեկը Նյուրնբերգյան գործընթացի ժամանակ։

 

Բացի այդ, ինքնասպանության նախօրեին Հիտլերն իր բունկերում լուռ հրաժեշտ է տվել ծառայողներին։ Սակայն բուժքույրերից մեկը փորձել է պատմական ճառ ասել՝ կանխատեսելով նրա հաղթանակը պատերազմում, սակայն Հիտլերը նրան ընդհատել է՝ «Պետք է ընդունել սեփական ճակատագիրը՝ ինչպես վայել է տղամարդուն»։

 

Ֆյուրերը վախեցել է նաև, որ մահից հետո կարող է ծաղրի առարկա դառնալ և հրամայել է այրել իր մարմինը։

 

«Դուք պետք է վստահ լինեք, որ նախապատրաստությունները բավարար են և ամեն ինչ կարվի իմ հանձնարարություններին համապատասխան։ Չեմ ուզում, որ իմ մարմինը ցուցադրվի կրկեսում, մոմե արձանների թանգարանում։ Նաև հրամայում եմ ձեզ պահպանել բունկերն այն տեսքով, ինչպիսին հիմա է, ուզում եմ, որ ռուսներն իմանան՝ ես այստեղ եմ գտնվել մինչև վերջին պահը»,- ասել է Հիտլերն իր ենթականերին։

 

Վերջին անգամ Հիտլերին ողջ է տեսել գնդապետ Գյունշեն՝ իր աշխատասեղանի մոտ։ Գնդապետը սենյակում չի տեսել ֆյուրերի սիրեցյալին՝ Եվա Բրաունին, և մտածել է, որ նա լոգասենյակում է, քանի որ լսել է հոսող ջրի ձայնը։ Հիտլերը սառը պատասխանել է՝ «Ես չեմ ուզում լոգանք ընդունել»։

 

Սրանք Հիտլերի վերջին խոսքերն են, որոնք որևէ մեկը լսել է։ 10-15 րոպե անց՝ ժամը 15։30-ի և 16։00-ի միջակայքում, նա արդեն մահացած էր։ Ահա այսպես է ավարտվել այն մարդու կյանքը, ով ցանկանում էր նվաճել աշխարհը, իսկ մահացավ՝ այդպես էլ լոգանք չընդունելով, գրում է Обозреватель-ը։

 

 

70 տարի առաջ այս օրը կյանքից հեռացել է Հիտլերը. նրա վերջին խոսքերը