Քեթի Փերիի զգեստը քաղաքական սկանդալի պատճառ է դարձել

17:08 • 30.04.15

Ամերիկյան երգչուհի Քեթի Փերին համերգ է տվել Թայվանի մայրաքաղաք Թայբեյում, որի ժամանակ բեմի վրա է հայտնվել արևածաղիկներով շորով, ինչը վրդովեցրել է չինացի երկրպագուներին, գրում է korrespondent.net-ը:

 

Շատ երկրպագուներ երգչուհու զգեստի մեջ քաղաքական ենթատեքստ են տեսել և եզրակացրել, որ Քեթի Փերին ցուցադրել է իր թայվանամետ դիրքորոշումը:

 

Չինական ԶԼՄ-ներում անգամ հոդվածներ են հայտնվել, որտեղ լրագրողները ենթադրություն են հայտնել, որ երգչուհին կարող է «պերսոնա նոն գրատա»՝ «անցանկալի անձ» դառնալ Չինաստանում:

 

Սակայն եղել են նաև մարդիկ, ովքեր ենթադրել են, որ արևածաղիկներով զգեստն «արևածաղիկների հեղափոխության» մասին չկասկածող ոճաբանի անհեթեթ սխալն է եղել:

 

Օրերս Թայվանը նշել է «արևածաղիկների հեղափոխության» մեկ տարին: Հազարավոր մարդիկ դուրս են եկել ցույցի՝ աջակցելով խորհրդարանում Չինաստանի հետ առևտրային համաձայնագրի ստորագրման դեմ բողոքող ուսանողներին: Ցուցարարները ձեռքերին արևածաղիկներ են պահել՝ որպես հույսի նշան: