Արքայադուստր Շառլոտի ծննդյան պատվին հուշադրամներ կթողարկվեն Բրիտանիայում
Մեծ Բրիտանիայում մի շարք հուշադրամներ կհատեն` Քեմբրիջի դուքս Ուիլյամի և դքսուհի Քեյթի նորածին դստեր պատվին:
Ինչպես հայտնում է Euromag–ը` կիրակի Բրիտանիայի թագավորական դրամահատարանը հրապարակել էր 5 ֆունտ արժողությամբ հուշադրամների պատկերը, որոնք կթողարկվեն մայիսի 2-ին Բրիտանիայի 4-րդ գահաժառանգի ծնվելու առթիվ:
Էլիզաբեթ Երկրորդ թագուհու, արքայադստեր ծնողների և ֆինանսների նախարարի համաձայնությամբ` հուշադրամի վրա շրջանաձև գրված է «Երկրորդ երեխայի ծնունդի պատվին», իսկ կենտրոնում տեղադրված են ծնողների տիտղոսները` «Քեմբրիջի դուքս և դքսուհի»: Բացի այդ, նշված է այս տարին, երբ տեղի է ունեցել թագավորական ընտանիքի համալրումը:
Թողարկվելու է ընդհանուր առմամբ՝ 500 ոսկյա և 9500 արծաթե հուշադրամ: Հուշադրամներ թողարկվել էին նաև 2013-ին, երբ թագավորական ընտանիքում ծնվեց արքայազն Ջորջը:










