Apple Watch-ի գնորդները հայտնում են մաշկի գրգռվածության և ալերգիկ ռեակցիաների մասին

16:54 • 07.05.15

Որքան երկար են մարդիկ կրում Apple ընկերության Apple Watch «խելացի» ժամացույցները, այնքան ավելի շատ խնդիրներ են ի հայտ գալիս: Այն գնած մարդկանց մի խումբ հայտնել է, որ սարքը ցան, ալերգիկ ռեակցիաներ և մաշկի գրգռվածություն է առաջացնում, գրում է The Daily Mail-ը:

 

Խնդրի պատճառը հավանաբար ժամացույցի գոտին է, բայց որոշ գնորդներ կարծում են, որ դրա պատճառը մետաղյա պատյանի հետևի նիկելն է:

 

Apple-ը հայտնել է, որ տեղյակ է խնդրից և իր կայքում Apple Watch-ի խնդիրներին նվիրված էջում այդ խնդիրը բացատրող տեղեկություն է տեղադրել:

 

«Մենք հսկայական ուսումնասիրություն ենք իրականացնում մեր սարքերի համար նյութեր ընտրելիս: Մարդկանց փոքր խումբ կարող է ունենալ որոշ տեսակի նյութերի նկատմամբ ռեակցիաներ: Եթե դուք տեղյակ եք, որ ունեք ալերգիա, հաշվի առեք, որ Apple Watch-ը և դրա գոտիները պարունակում են նիկել և այլ տարրեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Apple Watch «խելացի» ժամացույցների վաճառքի մեկնարկից հետո դաստակի վրա դաջվածք ունեցող գնորդները բախվել են խնդրի: Ներկերը, որոնք օգտագործում են դաջվածք անելու համար, խանգարում են սենսորներին չափել մարդու զարկերակը և հանգեցնում են սարքի արգելափակման:

Apple Watch-ի գնորդները հայտնում են մաշկի գրգռվածության և ալերգիկ ռեակցիաների մասին