Apple-ը սոցիալական ցանց հիմնելու արտոնագիր է ստացել

17:18 • 08.05.15

Ամերիկյան Apple կորպորացիան սոցցանց հիմնելու արտոնագիր է ստացել, որը կմիավորի մարդկանց նրանց կենսակերպի հիման վրա, գրում է Интерфакс-ը՝ հղում անելով Patently Apple-ին:

 

ԱՄՆ արտոնագրային բյուրոն հրապարակել է դեռևս 2013 թվականի վերջին կորպորացիայի կողմից ներկայացված դիմումը: Փաստաթղթերի համաձայն՝ Apple-ը մտադիր է սոցցանց հիմնել, որը կմիավորի մարդկանց աշխարհագրական դիրքի և օգտատերերի ակտիվության սկզբունքով, այսինքն՝ այն կհավաքի մարդկանց տեղաշարժերի, նրանց գնումների մասին տեղեկատվությունը, որոնումների պատմությունը, իսկ այնուհետ կառաջարկի օգտատերերին շփվել մարդկանց հետ, ովքեր ապրում են մոտակայքում և նմանատիպ գործերով են զբաղվում:

 

Դիմումում նշվում է, որ մարդիկ սոցցանցերում չեն կիսվում իրենց աշխատանքի, ամենօրյա գործերի և տեղաշարժերի մասին տեղեկություններով, քանի որ դրանք իրենց ընկերների համար քիչ հետաքրքիր են համարում: Նոր սոցիալական ցանցի սկզբունքը հիմնված կլինի առանց օգտատիրոջ մասնակցության՝ մարդկանց խմբերում միավորելու վրա, բայց միևնույն ժամանակ սոցցանցը նրանց կթողնի անանունության իրավունքը:

 

Օրինակ՝ սարքը կորոշի, որ օգտատերն ամեն օր գնում է դպրոց և կառաջարկի նրան միանալ մոտակայքում գտնվող մարզասրահի այցելուների խմբին: Համապատասխանաբար՝ սոցցանցը կարող է հաղորդագրություններ ուղարկել մարդկանց խմբին, որն ապրում է որոշակի շրջանում և որը տուն է գնում մոտավորապես նույն ժամանակահատվածում:

 

Apple-ը սոցիալական ցանց հիմնելու արտոնագիր է ստացել