Սուրճը բովելուց հետո ավելի օգտակար ու անվնաս է դառնում
Սուրճը հզոր հակաօքսիդանտ է, որը ոչնչացնում է վնասակար ազատ ռադիկալները: Ինչպես գրում է meddaily.ru-ն` The Times of India-ին հղումով, գիտնականների վերջին հետազոտությունը ցույց է տվել, թե ինչպես են իրենց դրսևորում ազատ ռադիկալները և հակաօքսիդանտները սուրճի ստացման յուրաքանչյուր փուլում:
«Մենք ուսումնասիրել ենք Արաբիկա սուրճը` հետևելով ազատ ռադիկալների փոփոխությանը ըմպելիքի պատրաստման փուլերում: Պարզվել է, որ սուրճը բովելուց հետո ավելի օգտակար է դառնում», - ասում է հետազոտության ղեկավար Գորդոն Թրուփը:
Ազատ ռադիկալները անկայուն մոլեկուլներ են, որոնք էլեկտրոններ են փնտրում՝ կայունություն ձեռք բերելու համար: Դրանք հրահրում են բջիջների և ԴՆԹ-ի խափանում: Ըմպելիքի պատրաստման ընթացքում ռադիկալները կայուն են դառնում: Հարկ է նշել, որ Թրուփն առաջինն էր, ով սուրճի հատիկներում ազատ ռադիկալներ հայտնաբերեց 1988-ին: Այժմ պարզ դարձավ, թե ինչպես են ռադիկալները չեզոքանում:










