Շվեդ գիտնականների խորհուրդը՝ ինչպես երկար ապրել
Շվեդիայի Գյոթեբորգի համալսարանի գիտնականները որոշել են կիսվել երկարակեցության որոշ կանոններով, գրում է Комсомольская правда-ն։
Նրանց իրականացրած հետազոտությունը տևել է 55 տարի։ Մասնակցել է Շվեդիայի 855 բնակիչ, ովքեր ծնվել են 1913-ին։ 55 տարվա ընթացքում գիտնականները հետևել են նրանց առողջությանը և կենսաոճին։
Փորձի մասնակիցներից 10-ն ապրել են մինչև 100 տարեկան։ Եվ, ինչպես պարզել են գիտնականները, նրանց կյանքում շատ են եղել համընկնումները։ Օրինակ՝ նրանցից ոչ ոք չի ծխել։ Բոլորը եղել են նրբակազմ։ Բոլորը տան սեփականատեր են դարձել մինչև 50 տարեկան դառնալը, իսկ դա վկայում է բարձր կենսամակարդակի մասին։ Բոլոր երկարակյացները զբաղվել են սպորտով (մեծ տարիքում՝ ֆիթնեսով)։
Մինչև 80 տարեկան ապրածների 42%-ը մահացել են սրտի կաթվածից, 20%-ը՝ վարակներից, 6%-ը՝ թոքաբորբից։
Մասնակիցների ընդհանուր թվի 27%-ն ապրել է մինչև 80 տարեկան, և միայն 13%-ը՝ մինչև 90 տարեկան։
«Մեր բացառիկ հետազոտությունը ցույց է տվել, թե որ գործոններն են ազդում առողջության և կյանքի տևողության վրա»,- հպարտությամբ ասել է բժիշկ Լարս Վիլհելմսենը, ով այդ փորձին է նվիրել իր ամբողջ կյանքը։
Եվ ահա գիտնականները խորհուրդ են տալիս բոլոր նրանց, ովքեր ցանկանում են երկար ապրել՝
1. Չծխել,
2. Օրական խմել 4 բաժակից ոչ ավել սուրճ,
3. Լինել լավատես,
4. Պահպանել զարկերակային ճնշման նորմալ մակարդակը,
5. Պահպանել արյան մեջ խոլեստերինի նորմալ մակարդակը,
6. Հետևել քաշին, մնալ նրբակազմ,
7. 50 տարեկանին մոտ դառնալ տան սեփականատեր,
8. Հետևել կեցվածքին, մեջքն ուղիղ պահել։
Անկասկած, գենետիկ գործոնը կարևոր դեր է խաղում։ Բոլոր երկարակյացների մայրերը նույնպես երկար են ապրել։ Սակայն կարևոր է նաև, որ մարդը հետևի իր առողջությանը, նշում են գիտնականները։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Scandinavian Cardiovascular Journal բժշկական ամսագրում։










