Դուբայում լողացող առանձնատներ կկառուցեն (լուսանկարներ)
Դուբայի առափնյա հատվածում կառուցվելու է իր տեսակի մեջ աշխարհում առաջին լողացող «թաղամասը», որը բաղկացած է լինելու շքեղ ու գերժամանակակից առանձնատներից:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, լողացող առանձնատները կիսով չափ ջրի տակ կլինեն: Ըստ նախնական տվյալների՝ տները կլինեն եռահարկ, որից առաջինն ամբողջովին խորասուզված կլինի ջրի մեջ: Ենթադրվում է, որ ջրի տակ գտնվելու են ննջասենյակները, ինչը, անշուշտ, կապահովի աննկարագրելի զգացողություններով քուն:
Աղբյուրը մանրամասնում է, որ առանձնատների կառուցման համար Kleindienst Group ընկերությունն արդեն «կանաչ լույս» է ստացել: Ընդհանուր առմամբ՝ կառուցվելու է 42 առանձնատուն, որոնց գինը դեռևս որոշված չէ: Սակայն ակնհայտ է, որ տվյալ անշարժ գույքը հասանելի է լինելու բացառապես ամենահարուստ մարդկանց:
















