Բաքվում կայանալիք օլիմպիադային հայ աշակերտների մասնակցությունը կարևոր է, բայց վտանգավոր. Ա. Բախշյան
Հուլիսի 20-29-ը Բաքվում կայանալիք Քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադային հայ աշակերտների մասնակցության որոշմանը Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը միանշանակ պատասխանել չի կարող։ Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, թե մասնակցությունը թեև կարևորում է, բայց ֆիզիկական անվտանգության տեսակետից միևնույնն է` անհանգստանում է։
«Կարևորում եմ մասնակցությունը, որ միջազգային օլիմպիադա է, նոր փուլ հաղթահարելու տեսակետից, տեղյակ եմ նաև, որ Կրթության և գիտության նախարարը պահանջել է որոշակի անվտանգություն ապահովող երաշխիքներ, բայց մյուս կողմից, երբ տեսա Թբիլիսում անցկացված սպորտային միջոցառումը, թե ինչպես են ադրբեջանցի երկրպագուները և սպորտսմենները հարձակվել հայերի վրա, անմիջապես մտածեցի, որ ինչ երաշխիք էլ տան, մի տեսակ վտանգավոր եմ կարծում»,-ասաց նա։
Անահիտ Բախշյանը նշեց, թե ուրախ է, որ նախարարն ինքն է թիմը ուղեկցելու Բաքու։ «Վստահ եմ, որ իր ներկայությամբ ամեն ինչ կանի անվտանգությունը ապահովելու համար»,-նշեց նա։
Ի տարբերություն ֆիզիկական անվտանգությանը, հոգեբանական ճնշումներից անհանգստանալու առիթ Անահիտ Բախշյանը չի տեսնում։
«Այդ տեսակետից այնքան մտավախություն չունեմ, որ մեր երեխաները հոգեբանորեն կճնշվեն, քանի որ նրանք նախ իմունիտետ ունեն և ձևը կգտնեն հակադարձելու. ոչ ֆիզիկան ճնշման մասին է խոսքը»,– վստահություն հայտնեց նա։
«Հոգեբանական առումով նույնիսկ կարծում եմ՝ լավ է, որ գնան, թրծվեն և այդ վիճակում հմտություններ ձեռք բերեն։ Կյանքն այդպիսին է՝ ամեն տեղ չի, որ քեզ գրկաբաց են ընդունելու ու ամեն ինչ հարթ է ընթանալու, թող իմունիտետը բարձրանա»,- ավելացրեց նախկին պատգամավորը։
Ընդհանուր առմամբ՝ Անահիտ Բախշյանը կարծում է, որ նաև քաղաքական առումով է ճիշտ Բաքու մեկնելը։ «Ես քաղաքական առումով կողմ եմ մասնակցությանը, որովհետև մասնակցել նշանակում է տեր կանգնել ամեն տեսակ կարծրատիպերին։ Ի հակադրություն Ադրբեջանի՝ ցույց տալ, որ մենք բաց ենք այն առումով, որ պատրաստ ենք բոլոր ոլորտներում ազնիվ մեթոդներով հակամարտել։ Իսկ եթե դա կամփոփվի մեդալով՝ սա ավելի մեծ դիվանագիտական հաղթանակ կլինի»,-նշեց նա։










