Նորավանք հիմնադրամն առաջարկում է կառավարությանը կից ստեղծել խորհուրդ, որը կզբաղվի տեխնոլոգիական ոլորտների զարգացմամբ

15:36 • 11.05.15

«Նորավանք» հիմնադրամը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից  պատվեր է ստացել՝  կատարել գիտական ուսումնասիրություններ և եզրահանգումներ՝ պարզելու դեմոգրաֆիական իրադրության բարելավման հնարավորությունները Հայաստանում։ 

 

Այսօր հրավիրված ասուլիսին հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը ներկայացրեց արդյունքները և շեշտեց՝ իրենց հիմնադրամը նորարարական լուծումներ է առաջարկում։
 

«Մենք առաջարկում ենք կառավարությանը կից ստեղծել խորհուրդ, որը կզբաղվի, ոչ թե ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացմամբ, որն արդեն կա և բավական արդյունավետ աշխատում է, այլ կոնկրետ այնպիսի ոլորտներով, ինչպիսին է տեխնոլոգիան ոլորտը՝ փոքր քիմիա, կենսաբանություն, լազերային ֆիզիկա, ռադիոֆիզիկա, որտեղ ստեղծվում է ոչ թե վիրտուալ, ծրագրային պրոդուկտ, այլ պրոդուկտ, որը կարելի է շոշափել»,-ասաց հիմնադրամի խորհրդական Սամվել Մանուկյանը:


Նա նկատեց, թե այստեղ կա մի նրբություն, որ ինֆորմացիոն տեխնոլոգիաներում աշխատողները շատ մոբիլ են և երկրից հեշտությամբ գնում են։


«Նրանց անհրաժեշտ է  մի համակարգիչ, մի ծրագրային համակարգ, որը դրված է համակարգչում և նրանք արագորեն կարող են այստեղից գնալ, որը և տեղի է ունենում ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում»,-ասաց նա։


Նա նկատեց, թե այստեղ կա երկու հիմնական խնդիր։


«Առաջինը, երբ որ մենք ասում ենք, որ այդ ոլորտում աշխատում է 11 հազար մարդ, սա մի փոքր մոլորության մեջ կարող է գցել մեզ, քանի որ դրանց մեջ մտնում են 5 կազմակերպություններ, ինչպիսիք են՝  «Արմենթելը»,  «Օրանժը», «Վիվասելը»,  «Յուքոմը»։ Եթե նրանց աշխատակիցների քանակը հանում ենք, արդեն բուն ՏՏ ոլորտի մասնագետների թիվը կրճատվում է մի քանի հազարով, այսինքն՝ այստեղ շուրջ 5-6 հազարի մասին է խոսքը»,-ասաց նա։


Մինչդեռ շոշափելի արդյունք ապահովողները, ըստ նրա, ավելի հակված են մնալ։

 

 

Նորավանք հիմնադրամն առաջարկում է կառավարությանը կից ստեղծել խորհուրդ, որը կզբաղվի տեխնոլոգիական ոլորտների զարգացմամբ