Միասնական քննության առաջին փուլին կմասնակցի 11 հազ. 803 դիմորդ

22:45 • 11.05.15

2015թ-ի միասնական քննությունների առաջին փուլին հայտագրվել է 11 հազ. 803 դիմորդ: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը՝ նշելով, որ դիմորդներից աղջիկների թիվը փոքր ինչ գերազանցում է տղաների թվին:

 

«Միասնական քննությունների երկրորդ փուլը՝ դիմումների հայտագրման գործընթացը, սովորաբար սկսվում է հունիսի 24-ին և շարունակվում մինչև հուլիսի 1-ը: Այսինքն` երկրորդ փուլի դիմորդների թիվը պարզ կդառնա հուլիսի 1-ից հետո»,-ասաց նա:


Արա Իսպիրյանը նաև նշեց, որ 11 հազ. 803 դիմորդներից շուրջ 800-ը Արցախից են: Նա հավելեց, որ առաջին փուլում դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ պակասել է մոտ 500-ով:

 

«Բայց դեռ երկրորդ փուլ կա, բացի այդ՝ կան դիմորդներ, որոնք միասնական քննությանը չեն մասնակցում, այդ պատճառով դեռ դժվար է իմանալ, թե արդյո՞ք դիմորդների ընդհանուր թիվը պակասել է»,-ասաց նա:


Հարցին՝ արդյո՞ք չի պակասել ավարտական դասարանների աշակերտների թիվը, նա պատասխանեց, որ ինքը չի տիրապետում աշակերտների ճշգրիտ թվին:

 

«Վերջին տարիներին երկրորդ փուլի դիմորդների ավելացման միտում է եղել, որովհետև քոլեջներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանողների թիվը մի քիչ շատ է, և շրջանավարտները անտեղի գալիս են երկրորդ փուլ»,-ասաց նա:

 

Արա Իսպիրյանը տեղեկացրեց, որ «Հայոց լեզու» առարկայի միասնական քննությանը կմասնակցի մոտ 7000 դիմորդ, օտար լեզուների քննությանը ՝ 5500 դիմորդ, մաթեմատիկայի քննությանը ՝ 5400 դիմորդ, մյուս առարկաների միասնական քննությանը հայտագրվել են ավելի քիչ թվով դիմորդներ:

 

Թվով ամենքիչ դիմորդները հայտագրվել է իսպաներենի քննությանը՝ 13 դիմորդ:


 

Միասնական քննության առաջին փուլին կմասնակցի 11 հազ. 803 դիմորդ