ԱՄՆ-ում դինոզավրերի մռութով հավեր են ստեղծել
Ամերիկացի կենսաբանները ստեղծել են հավերի էմբրիոններ, որոնք ունեն դինոզավրերին բնորոշ մռութներ: Ինչպես նշում է lenta.ru-ն, մասնագետներին դա հաջողվել է` ճնշելով այն սպիտակուցների զարգացումը, որոնց միջոցով գոյանում են կտուցները:
Աղբյուրը մանրամասնում է, որ տվյալ դեպքում գիտնականների նպատակը եղել է ոչ թե մուտանտների ստեղծումը կամ գենային ինժեներիայի միջոցով դինոզավրերի «վերակենդանացումը», այլ պարզել, թե ինչպես են ժամանակին մոլեկուլյար մակարդակի վրա թռչունների մոտ կտուցներ գոյացել:
Նշվում է, որ գիտնականները հավերի էմբրիոնների մեջ ներարկել են հատուկ քիմիական նյութեր, ինչից հետո, սակայն, էմբրիոն մուտանտներին թույլ չեն տվել ծնվել:
Նրանց գանգերի թվային մոդելների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ դրանք ավելի շատ նմանություններ ունեն առաջին թռչունների ու որոշ տեսակների դինոզավրերի, քան սովորական հավի ճտերի գանգոսկրերի հետ:










