Չինական բանակում արգելել են «խելացի» ժամացույցների օգտագործումը

16:56 • 14.05.15

Չինաստանի բանակն արգելել է իր զինծառայողներին «խելացի» ժամացույցներ և այլ սարքեր կրել՝ մտավախություն ունենալով, որ դրանց սեփականատերը կարող է լրտեսվել ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ, գրում է Интерфакс-ը:

 

Չինաստանի ազգային ազատագրական բանակի ներկայացուցիչները ենթադրում են, որ «խելացի» ժամացույցները կարող են վտանգ ներկայացնել երկրի անվտանգության համար, իսկ դրանց կրելու արգելքը կօգնի կանխել պետական գաղտնիքների բացահայտումը:

 

Արգելքը սահմանվել է մտավախությունից, որ սարքերը կարող են գաղտնի տվյալներ փոխանցել առանց դրանց սեփականատիրոջ իմացության: Արգելքի տակ են հայտնվել բոլոր սարքերը, որոնք ունեն ինտերնետի հասանելություն, տեսա և աուդիո ձայնագրման հնարավորություններ, ինչպես նաև կարողանում են տվյալներ փոխանակել գտնվելու վայրի վերաբերյալ:

 

Արգելքը սահմանվել է միջադեպից հետո, երբ զինծառայողներից մեկի ընկերուհին նրան ծննդյան օրվա առթիվ «խելացի» ժամացույց է նվիրել: Զինծառայողն այնուհետ փորձել է դրա միջոցով լուսանկարել իր ծառայակիցներին, բայց դա նկատել է ավագ սպան, ով տեղի ունեցածի մասին տեղեկությունը փոխանցել է ղեկավարությանը:


 

Չինական բանակում արգելել են «խելացի» ժամացույցների օգտագործումը