Ռուսաստանում ևս մեկ դպրոցական է մահացել սելֆի անելու փորձի ժամանակ
Ռուսաստանի Տուլայի մարզում 14-ամյա պատանին մահացել է էլեկտրահաղորդման աշտարակի վրա ինքնալուսանկարվելու փորձի ժամանակ:
Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն` Интерфакс-ին հղումով, դպրոցական տղան բարձրացել է բարձր լարման էլեկտրահաղորդման աշտարակը բջջային հեռախոսով սելֆի անելու համար: Տղան հոսանքահարվել է` գտնվելով աշտարակի բարձրության վրա, որից հետո նա մահացել է:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարևան Ռյազանի մարզում իններորդ դասարանցի տղան մահացել է` ընկնելով երկաթուղային կամրջից՝ դարձյալ ինքնալուսանկարվելու փորձի ժամանակ: Նման դեպք գրանցվել է նաև Մոսկվայում, երբ 21-ամյա աղջիկը տրավմատիկ ատրճանակից կրակել է ինքն իրեն` փորձելով լուսանկարվել:










