Հայտնի է ամենասիրված գույնն աշխարհում

08:09 • 11.06.15

Հարցման արդյունքում, որն իրականացրել է YouGov  ծառայությունը, պարզվել է, որ ամենատարածված գույնն աշխարհում երկնագույնն է: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն` հարցմանը մասնակցել  են 10 երկրի բնակիչներ` Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Չինաստանից, Հոնկոնգից, Մալայզիայից, Սինգապուրից, Թայլանդից և Ինդոնեզիայից: Միևնույն ժամանակ չի նշվում, թե ինչ հիմունքով են կազմակերպիչներն ընտրել մասնակից երկրները:


Երկնագույնը նախընտրողների ամենամեծ թիվը (33 տոկոս) գրանցվել է Մեծ Բրիտանիայում, ամենից քիչ` Ինդոնեզիայում (23 տոկոս):  Նշվում է, որ յուրաքանչյուր երկրում, որտեղ մարդիկ նախապատվությունը տվել են երկնագույնին, այդ ցուցանիշը 8 տոկոսով գերազանցել է բոլոր մյուս գույները նախընտրողների ցուցանիշին:


Թայլանդում, Չինաստանում և ԱՄՆ-ում երկրորդ ամենանախընտրելի գույնը  կանաչն է, Ինդոնեզիայում, Սինգապուրում, Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում` կարմիրը, իսկ Հոնկոնգում` մանուշակագույնը:  Ավստրալիայում և Մալայզիայում երկրորդ տեղը կիսել են կարմիրը և մանուշակագույնը: