Իսրայելի խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը Երևանի ժամանակով 14:00-ի դրությամբ կազմել է 31,5 տոկոս՝ դառնալով ռեկորդային 1973 թվականից ի վեր

15:53 • 27.10.26

26-րդ գումարման Քնեսեթի (Իսրայելի խորհրդարան) ընտրություններին մասնակցությունը ժամը 12:00-ի (Երևանի ժամանակով՝ 14:00-ի) դրությամբ կազմել է 31,5%: Այս մասին հայտնել է Իսրայելի հեռուստատեսության 12-րդ ալիքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա տվյալներով՝ այս ցուցանիշը տվյալ ժամանակահատվածում ռեկորդային է 1973 թվականից ի վեր Իսրայելում անցկացված ցանկացած ընտրությունների համար. այն գերազանցել է նաև 2022 թվականի նոյեմբերին կայացած նախորդ խորհրդարանական ընտրությունների ցուցանիշները: Այն ժամանակ մինչև այս ժամը քվեարկել էր ընտրողների 28,4%-ը:

Հիշեցնենք, որ Իսրայելում խորհրդարանական ընտրությունների քվեարկության ավելի քան 12,000 տեղամասերը բացվել են տեղական ժամանակով 07:00-ին (Երևանի ժամանակով՝ 09:00-ին) և կաշխատեն մինչև 22:00-ն (Երևանի ժամանակով՝ 24:00-ն): Ընտրություններն անցնում են անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում, ընդհանուր առմամբ, Իսրայելի հեռուստատեսության 12-րդ ալիքի տեղեկատվությամբ, կարգուկանոնին հետևում է 20,000 ոստիկան, սահմանապահ ոստիկանության աշխատակից և կամավոր: Իր հերթին բանակը հայտարարել է պաղեստինյան տարածքների շրջափակման ռեժիմ մտցնելու և Հորդանան գետի Արևմտյան ափի բոլոր անցակետերը փակելու մասին:

Իսրայելում խորհրդարանական ընտրություններն անցկացվում են կուսակցական ցուցակներով, դրանց մասնակցության համար գրանցված է 36 կուսակցություն, անցողիկ շեմը կազմում է 3,25%: Կամարտահայտման իրավունք ունի 7,3 միլիոն իսրայելցի:

Ինչպես սպասվում է, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձայների հաշվարկի նախնական արդյունքների մասին կհայտնի հոկտեմբերի 29-ին, իսկ ընտրական ընթացակարգի վերջնական արդյունքները պետք է պաշտոնապես հրապարակվեն նոյեմբերի 4-ից ոչ ուշ: Պաշտոնական արդյունքները ստանալուց հետո նախագահը խորհրդակցություններ կսկսի Քնեսեթ անցած կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որոնց արդյունքներով պատգամավորներից մեկին կհանձնարարի կազմավորել նոր կառավարական կոալիցիա: