France Football-ի գլխավոր խմբագիրը բացահայտել է՝ ում պատճառով Յամալը չնվաճեց Ոսկե գնդակը
France Football պարբերականի գլխավոր խմբագիր և «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության ղեկավար Վենսան Գարսիան բացահայտել է քվեարկության կուլիսային մանրամասներն ու պարզաբանել, թե ինչու աշխարհի չեմպիոն դարձած Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալին չհաջողվեց նվաճել պատվավոր մրցանակը։
Գարսիայի խոսքով՝ իսպանացի ֆուտբոլիստների անհաջողության գլխավոր պատճառը ձայների տրոհումն է եղել.
«Անկեղծ ասած՝ կարծում եմ, որ Ռոդրին խլեց Լամինի ձայների մի մասը։ Աշխարհի չեմպիոն դարձած Իսպանիայի հավաքականի ներսում ձայների ակնհայտ բաժանում եղավ Ռոդրիի և Լամին Յամալի միջև, և այդ ներքին մրցակցությունը նրանց շատ թանկ արժեցավ։ Իսպանացի ֆուտբոլիստների օգտին տրված ձայները պարզապես «ցրվեցին»։ Բացի այդ, Իսպանիայի հավաքականն ԱԱ-2026-ում գործում էր որպես մեկ միասնական ու կուռ մեխանիզմ, ուստի ժյուրիի անդամների համար չափազանց բարդ էր առանձնացնել որևէ մեկի անհատական ելույթը։
Լամին Յամալը դարձավ աշխարհի չեմպիոն, ինչը հսկայական նվաճում է, սակայն մրցաշարում նա ընդամենը մեկ գոլ խփեց, բացի այդ՝ առաջնությունը սկսեց վնասվածքով։ Այս հանգամանքները էլ ավելի բարդացրին ժյուրիի ընտրությունը իսպանացի ֆուտբոլիստների միջև»,- նշել է Գարսիան L’Équipe-ին և Sport.es-ին տված հարցազրույցում։
Անդրադառնալով իր անձնական ընտրությանը՝ France Football-ի ղեկավարը ինտրիգ է պահել.
«Ես իմ ձայնը տվել եմ մի ֆուտբոլիստի, որը չհաղթեց, թեև, իմ կարծիքով, նա նույնպես արժանի էր մրցանակին։ Այդ մասին դուք կիմանաք շաբաթ օրը, երբ կհրապարակվեն քվեարկության ամբողջական ու մանրամասն արդյունքները»։
Վենսան Գարսիան նաև սենսացիոն բացահայտում է արել Հարի Քեյնի և Կիլիան Մբապեի միջև ծավալված թեժ պայքարի վերաբերյալ՝ նշելով, որ ամեն ինչ որոշվել է վերջին պահին.
«Կիլիան Մբապեն քվեարկության ժամանակահատվածի մեծ մասում առաջատարն էր, նախքան Հարի Քեյնի հզոր վերադարձը։ Քեյնի և Մբապեի միջև միավորների տարբերությունը նվազագույն է՝ նույնիսկ ավելի քիչ, քան 2024 թվականին Ռոդրիի և Վինիսիուսի միջև եղած 41 միավորի տարբերությունը։
Հարի Քեյնն առաջին հերթին մեծագույն ռմբարկու է։ Այս մրցաշրջանում նա ակումբի և հավաքականի կազմում խփել է 73 գոլ, «Բավարիայի» հետ նվաճել է Գերմանիայի բոլոր տիտղոսները, հասել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, իսկ Անգլիայի հավաքականի հետ՝ Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։ Կասկածից վեր է, որ ժյուրիի անդամները հենց նրան են համարել բոլոր թեկնածուներից ամենաամբողջականն ու արժանին»,- եզրափակել է Գարսիան։
Հիշեցնենք, որ 2026 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր դարձավ Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, երկրորդ տեղը զբաղեցրեց Կիլիան Մբապեն, Լամին Յամալը եզրափակեց լավագույն եռյակը, իսկ Ռոդրին հանգրվանեց 4-րդ հորիզոնականում։










