Տարեկան մինչև 25 կրթաթոշակ կտրամադրվի հայ և հորդանանցի ուսանողներին. նախարարները ստորագրեցին փոխանակման ծրագիրը

12:01 • 30.06.15

ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարության  միջև այսօր ստորագրվեց փոխանակման ծրագիր:


Հուշագիրը ստորագրեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Լաբիբ Խադրան:


2015-2020թթ-ի համար կրթության, գիտության և տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության ծրագրով նախատեսվում է տարեկան մինչև 25 կրթաթոշակ տրամադրել տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարապետաշինարարության, հնագիտության, լեզվաբանության, բժշկության (ներառյալ մագիստրատուրան) ոլորտներում` բակալավրիատի և մագիստրատուրայի ամբողջ կիսամյակի և մեկ տարի արաբերենի ու իսլամագիտության և համապատասխան վերապատրաստման դասընթացների համար, որոնց, անհրաժեշտության դեպքում, կնախորդեն լեզվի դասընթացները:


Ընդունող կողմը կրթաթոշակ ստացած անձանց կապահովի ուսման վարձից ազատում, ամսական հատկացում՝ համաձայն ընդունող երկրի գործող օրենսդրության, ուսանողական հանրակացարանում կացություն՝ համաձայն ընդունող երկրի գործող օրենսդրության, մուտք գրադարաններ, արխիվներ, լաբորատորիաներ, և այլն:


Դեպի ընդունող կողմի մայրաքաղաք և մայրաքաղաքից հետադարձ ճանապարհորդական ծախսերը կհոգա թեկնածուն:

 

Նախարար Աշոտյանը հիշեցրեց, որ մինչ բուն համաձայնագիրն արդեն երրորդ տարին է, ինչ  արաբերենի ու իսլամագիտության մեջ հմտանալու համար հայ ուսանողները մեկնում են կրթական ծրագրով Հորդանան, իսկ Հորդանանից ուսանողները գալիս էին Հայաստան՝ հիմնականում սովորելու այստեղ բժշկական համալսարանում:

 

«Սակայն ծրագիրը պիլոտային էր, և հաշվի առնելով կրթական պահանջները համագործակցության ծրագրով ընդլայնվում է կրթաթոշակների թիվը, կարևոր ուղղություն է մնում արաբագիտությունը, իսլամագիտությունը»,-ասաց նախարարը և նշեց, որ արաբական գարունից հետո հայ արաբագետները հնարավորություն չունեին սովորելու Սիրիայում և Լիբանանում, և այդ հարցում նախարարությանը ձեռք մեկնեց Հորդանանը:


Նախարարը նշեց, որ հավասար մոտեցում ունեն ՝ մինչև 25-ական տեղ պատրաստ է տրամադրել յուրաքանչյուր կողմը, որոնց ծախսերը կհոգան բյուջեի հաշվին։ 


Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարը նշեց, որ Հորդանանի ուսանողների համար բավականին բարձր որակի կրթական ծրագիր կա Հայաստանում, և ուսանողները պետք է ընդունվեն իրենց գնահատականներին համապատասխան:
 

Իսկ թե ինչու են ընտրել հենց բժշկական կրթությունը,նախարարը պատասխանեց, որ դա բավական գրավիչ և բարձր վարձատրվող մասնագիտություն է: