Երգչուհի Ավրիլ Լավինը հարցազրույցի ժամանակ հուզվել է, երբ խոսել է իր հիվանդության մասին (տեսանյութ)

18:02 • 30.06.15

Ամերիկացի երգչուհի Ավրիլ Լավինը հուզվել է Good Morning America հաղորդմանը հարցազրույց տալու ժամանակ, քանի որ պատմել է իր հիվանդության մասին, որը կոչվում է նեյրոբորելիոզ կամ Լայմի հիվանդություն, գրում է Huffington Post-ը։

«Ես դժվարությամբ էի սնվում, շնչում, խոսում և շարժվում: Ինձ հարցնում էին, թե ինչ է ինձ հետ կատարվում, սակայն ես պատասխանը չգիտեի: Ես կարծում էի, թե մեռնում եմ»,- ասել է երգչուհին:

Նրան տխրեցրել է այն փաստը, որ նույնիսկ մի քանի բարձրակարգ մասնագետների այցելելուց հետո նրան չեն կարողացել ախտորոշել, որի պատճառով նա հոգեբանական խնդիրներ է ունեցել։

«Լայմի հիվանդություն ունեցող շատ անձանց բողոքներին բժիշկներն ասելիք չունեն, այդ պատճառով նրանց թվում է, թե դու գժվել ես»,-ասել է նա։

Երգչուհուն ախտորոշել չկարողացող բժիշկները նրան խորհուրդ են տվել դուրս գալ տնից կամ դաշնամուր նվագել։

«Երբեք չէի մտածի, որ մեկ խայթոցը կարող է նման բան առաջացնել: Ես մոտ 5 ամիս գամված էի անկողնուն»,- պատմել է երգչուհին։

Նեյրոբորելիոզի հարուցիչը բակտերիաներն են, որոնք փոխանցում է տիզ միջատը: Հիվանդությունը, զարգանալով, կարող է ախտահարել նյարդային, տեսողական և սրտանոթային համակարգերը: