Ծննդատանը ամուսնու կողմից հրազենային վնասվածք ստացած կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է

14:22 • 30.06.15

Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ տուժած կինն անմիջապես տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ կատարվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները, այդ թվում լաբորատոր, գործիքային, համակարգչային տոմոգրաֆիական հետազոտություններ:


Հիշեցնենք, որ Երևանում ամուսինը, այցելելով Հանրապետական հիվանդանոցի ծննդատուն, իր մոտ եղած հրազենով կրակել է կնոջ վրա, այնուհետև ինքնասպան է եղել:


«Հայտնաբերվել են բազմաթիվ գնդակային,  բեկորային վիրավորումներ ուսահոդի, պարանոցի, ծոծրակային շրջանում: Հիվանդի վիճակը գնահատվում է  ծայրահեղ ծանր, հարաբերական կայուն, ներկայումս գտնվում է վիրասրահում»,- մանրամասնել է  «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով բժշկական տնօրեն Արսեն Գրիգորյանը:


ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը, մասնագիտական խմբի հետ այս պահին գտնվում են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում: