Ծննդատանը ամուսնու կողմից հրազենով վիրավորված կնոջ վիրահատությունը բարեհաջող է ավարտվել

16:17 • 30.06.15

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում քիչ առաջ ավարտվել է   Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած կնոջ վիրահատությունը։


Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
 

Հիշեցնենք, որ հիվանդն «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն էր ընդունվել ծանր վիճակում` հրազենային միջանցիկ սեգմենտալ վնասվածքով։

 

Երեք ժամ տևած վիրահատության ընթացքում կատարվել է հրազենային գանգուղեղային վնասվածքի առաջնային վիրաբուժական մշակում։ Պարզվել է, որ կնոջ մոտ առկա է ծոծրակոսկրի բեկորային ներհրված կոտրվածք, միջաձիգ սինուսի վնասվածք, ուղեղիկի ձախ կիսագնդի ներուղեղային արյունակույտ և կոնտուզյոզ օջախ։ Արյունահոսությունը դադարեցվել է, հեմատոման` հեռացվել։


Վիրահատությունն ավարտվել է բարեհաջող, մասնագետները կնոջ վիճակը գնահատում են կայուն ծանր։ Հետվիրահատական շրջանում պահպանվում է արհեստական շնչառությունը։ Այս պահին գիտակցության մակարդակը գնահատել հնարավոր չէ, քանի որ հիվանդը գտնվում է քնաբերների ազդեցության տակ։ 


Հիշեցնենք, որ ինչպես այսօր հայտնի էր դարձել, Երևանում ամուսինը, այցելելով Հանրապետական հիվանդանոցի ծննդատուն, իր մոտ եղած հրազենով կրակել է կնոջ վրա, այնուհետև ինքնասպան է եղել: