Թունիսը որոշել է չեղարկել զբոսաշրջիկների ելքի համար նախատեսված հարկը
Թունիսի իշխանությունները որոշում են կայացրել չեղարկել զբոսաշրջիկների ելքի համար նախատեսված հարկը, հաղորդում է The Daily Star-ը։ Այդ մասին հայտարարել է երկրի զբոսաշրջության նախարար Սելմա Էլումի Ռեկիկը:
Հարկի չափը 30 թունիսյան դինար է (ավելի քան 15 դոլար): Նշվում է, որ հարկի վերացումը կարող է ուժի մեջ մտնել միայն խորհրդարանական քվեարկությունից հետո:
Զբոսաշրջային ոլորտի աջակցությանն ուղղված շտապ միջոցների ծրագիրը նաև ներառում է օդանավակայան ժամանելուն պես վիզաների տրամադրում Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի և Հորդանանի քաղաքացիներին, ովքեր Թունիս են ժամանել կազմակերպված շրջագայությունների շրջանակում:
«Եթե զբոսաշրջությունն անկում ապրի, տնտեսությունը կփլուզվի»,- նշել է Ռեկիկը: Երկրի ՀՆԱ-ում զբոսաշրջային ոլորտի բաժինը հասնում է 7 տոկոսի։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Թունիսի զբոսաշրջային ոլորտը 2015 թվականին կկորցնի առնվազն 515 միլիոն դոլար՝ Սուսում ահաբեկչությունից հետո: Հիշեցնենք, որ հունիսի 26-ին Թունիսում 5-աստղանի հյուրանոցի տարածքում ահաբեկչություն է իրականացվել, որի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը։ Ահաբեկչությանը զոհ է գնացել 39 մարդ։










