Բաղրամյանից առանց հաղթանակի չենք հեռանալու. նոր նախաձեռնության հայտարարությունը (ուղիղ)

09:55 • 01.07.15

Մայրաքաղաքի գլխավոր պողոտաներից մեկը՝ Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ։ Արդեն 9-րդ օրն է, ինչ քաղաքացիները, դեմ արտահայտվելով  էլէներգիայի թանկացմանը, շարունակում են շուրջօրյա ակցիաները պողոտայում։

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6,93 դրամով: Հունիսի 19-ին Երևանի կենտրոնում` Ազատության հրապարակում, մեկնարկել է բողոքի ակցիա` հանրահավաք, այնուհետև` նստացույց:  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին խորհրդակցություն է անցկացրել հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ, որի ընթացքում շարունակվել են Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, այդ համակարգի հետագա առողջացմանը և առկա խնդիրներին լուծումներ գտնելուն ուղղված քննարկումները: Նախագահ Սարգսյանը նշել է, որ սակագնի բարձրացումը չեղյալ հայտարարելը ծայրահեղ վտանգավոր է: Ուստի, մինչև եզրակացության կազմումը այդ ընկերության կողմից կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Դրանից հետո «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները որոշեցին գալ ու ակցիան շարունակել Ազատության հրապարակում, սակայն ցուցարարների մի մասը մնաց Բաղրամյան պողոտայում:

 

23:14


Բաղրամյանից առանց հաղթանակի չենք  հեռանալու. նոր նախաձեռնության հայտարարությունը

 

Բաղրամյան պողոտայում նոր նախաձեռնության անդամներից մեկը հայտարարություն արեց, թե չնայած իրենց շարքերը նոսրանում են, բայց կամքը կա: «Մենք այստեղ են, կանք ու կմնանք, մինչև վերջնական հաղթանակը, արիացեք, ձեր սրտերը լցրեք հավատով, հաղթելու ենք, անօրինական որոշումները պետք է չեղարկվեն, դրանցի հետո տոնելու ենք մեր հաղթանակը»,- ասաց նա:


Նա տեղեկացրեց քայլերի մասին, որ ամեն օր քաղաքով երթեր են իրականցվում, քաղաքացիները իրազեկվում են, տեղեկացվում ցուցարարների պահանջի մասին, հորդորում միանալ պահանջներին:


«Ի վերջո մենք ենք որոշողը, ոչ ոք մտքով անգամ չանցկացնի, որ այստեղից առանց հաղթանակի հեռանալու ենք: Ամեն ինչ դեռ նոր է սկսվում: Մնացեք այստեղ, որ ցույց տանք, որ պայքարը շարունակվում է: Հաղթանակը մենք ենք»,- ասաց նա:


Նա նաև նշեց, որ եթե հանկարծ իրենց ոստիկանությունը դուրս հանի փողոցից, իրենք այլ փողոցներ կփակեն՝ կրկին ոչ պակաս կարևոր:


Հայտարարեցին, թե քանի որ ժամը 23:00-ն անցնում է, ուստի բարձրախոսով հայտարարություններ ու երգերը չեն հնչի, հաշվի առնելով լռության ժամը:

 

 

 

22:26


Չնայած ոստիկանության հորդորին՝ դադարեցնել հավաքը, Բաղրամյան պողոտայում շարունակվում է նստացույցը: Ինչ-որ խումբ ելույթ է ունենում, կատարում հեղինակային երգեր:


22:09


Ցուցարարները պահանջում են միացնել Բաղրամյան պողոտայի հոսանքը

 

Բաղրամյան պողոտայում նստացույցի մասնակիցները պահանջում են միացնել հոսանքը: Ակտիվիստների խոսքով, հոսանքը ոստիկանությունն է անջատում:

Նշենք, որ հոսանքն անջատվեց Դավիթ Սանասարյանի ելույթի ժամանակ, ով ասում էր, որ այս հարթակից կուսակցական կոչեր չեն հնչելու:

21:30


Բաղրամյան պողոտա բարձրախոս է բերվել, նախատեսում են սկսել հանրային քննարկումներ

Բաղրամյան պողոտայում բարձր երգ-երաժշտություն է ապահովվել, նաև բարձրախոս է  բերվել: Հայտարարեցին, թե նախատեսում են սկսել հանրային քննարկումներ:


Նշենք, որ եթե սկզբում ավելի շատ երիտասարդներ էին հավաքվում, հիմա առաջին շարքերում միջին տարիքի անձինք են նկատվում: Ոչ միայն ցուցապաստառները, այլ  նաև կոչերը գնալով պակասել են:

 

20:01



Բաղրամյան պողոտայում կամաց-կամաց աշխուժություն է նկատվում: Ի տարբերություն ցերեկվա ժամերին, արդեն պողոտան մարդաշատ է դառնում: Երաժշտություն, երգ ու պար չկա, փոխարենը բուռն քննարկումներն են ավելացել: 

 

19:54




Բաղրամյան պողոտա է եկել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:


Նա նշեց, որ ցանկանում է խոսել անչափահասների հետ: Մի պատանու հարցրեց, թե արդյոք ծնողները գիտեն, որ այստեղ է և պատասխան ստացավ, թե իհարկե: Իսկ թե ինչքան ժամանակ է, որ տղան այստեղ է, ասաց, թե 10 օր և պնդեց, թե հասկանում է, թե ինչի համար է այստեղ:


Խոսակցությանը միջամտեցին չափահասները, ովքեր հարցրեցին. «Ի՞նչ է այս երեխաները վաղը չափահաս չեն լինելու և այս երկրի տերն իրենք չե՞ն լինելու», ինչին Նելլի Դուրյանը պատասխանեց, որ հասարակական նման վայրում լինելը, փոքր երեխաների համար վտանգավոր է:


Ցուցարարները նշեցին, թե փաստացի ոստիկանությունը եկել է երեխաներին պաշտպանի ոստիկանությունից, քանի որ վտանգը միայն այնտեղից  է գալիս:


Ոստիկանության գնդապետը նշեց, որ վտանգը բոլորովին ոստիկանությունից չի գալիս, և միայն նման շոգն արդեն ինքնին վտանգավոր է անչափահասների համար:


Նա կոչ արեց ծնողներին, չբերել անչափահասներին այստեղ, Բաղրամյան պողոտան զբոսանքի վայր չէ:

 

10.24


Երևանի քաղաքապետարանի «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանն այս պահին Բաղրամյան պողոտայում է և քաղաքացիներին կոչ է անում գնալ Բաղրամյան պողոտա, իսկ եթե չեն կարողանում գնալ, ապա գոնե ակտիվ մասնակցել քննարկումներին:



«Մեր շարժումը ֆեյսբուքյան տիրույթ ունի և կարող են իրենք մտահոգող հարցերն ու առաջարկները գրել: Մենք այստեղ ոչ մեկին լիդեր չենք նշանակում և ոչ մեկն այստեղ քաղաքական դիվիդենտներ չի ստանում: Սա ՀՀ քաղաքացու առջև ծառացած հարցն է, որի լուծումն ենք ուզում գտնել»,-ասաց Դավիթ Սանասարյանը:

Նա նաև Բաղրամյան պողոտայում հացադուլ անողներին հորդորեց քիչ շփվել քաղաքացիների հետ՝ իրենց էներգիան խնայելու համար:



10.07


Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայից տարավ ալկոհոլ օգտագործած երեք երիտասարդի: Նրանք մի քանի ժամ շարունակ պողոտայում նստացույց անողների մոտ խմել են գարեջուր, վիճաբանել, հրաժարվել լքել տարածքը:

Ոստիկանները ստիպված են եղել նրանց տարածքից հեռացնել ոստիկանական մեքենայով:


10.00


Բաղրամյանում շարունակվում է բողոքի ակցիան, որն այսօր առավոտյան սկսվեց հանրային քննարկմամբ 

Բաղրամյան պողոտայի սկզբնամասում գտնվող երիտասարդները աղբահավաքության արդեն ավանդույթ դարձած միջոցառումներից հետո հուլիս 1-ի օրը սկսեցին հանրային քննարկմամբ, ինչի մասին հայտարարվեց բարձրախոսով. «Ժողովուրդ, հավաքվեք հանրային քննարկման»:

Երիտասարդները, գետնին կիսալուսնաձև շրջան կազմած, քննարկում էին հետագա մարտավարության հետ կապված խնդիրներ:

«Անձնական թեմաները գտնվեն Բաղրամյան փողոցի էն կողմ, որովհետև ոչ մեկին հաճելի չի լսել էդ էժանագին բաները»,-նշեց Տաթև անունով աղջիկը, որը նաև կոչ արեց օգտագործել Facebook-ը որպես իրազեկման հարթակ, տեղեկացնել այն մասին, որ Բաղրամյանում նորմալ մարդիկ են։

Երիտասարդներից մեկն էլ, որ ներկայացնում էր սփյուռքը՝ Իսպանիան, հայտարարեց, որ վստահ է, որ իրենց շարքերում քաղաքացիական հագուստով ոստիկաններ կան, կոչ արեց ոստիկաններին անընդհատ ի ցույց դնել, որ չի կարելի սեփական քույրերի ու մայրերին խփել:

«Մի խփեք ձեր ժողովրդին»,-նշեց երիտասարդը. նա անգամ նշեց, որ ոստիկանների համար էլ կան «լավ տղա» ու այլ հասկացություններ ու նկատեց, որ ամենալավ ոստիկանը նա է, ով «կասկեն կհանի ու դուբինկեն մի կողմ կդնի», քանի որ մեծ գործերը մեծ զոհեր են պահանջում:

Հիշեցնենք, որ որոշվել է Բաղրամյանում անցկացնել թեմատիկ կինոդիտումներ:

Բոլոր այս ակցիաները վկայում են, որ նստացույցի մասնակիցները Բաղրամյան պողոտան լքելու մտադրություն չունեն:

Քիչ առաջ երիտասարդները տեղեկացրեցին, որ Բաղրամյան պողոտայում երկու՝ ալկոհոլ օգտագործած անձ կա, ինչի մասին տեղեկացվեց ոստիկաններին:

Հիշեցնենք նստացույցի երկու մասնակիցներ՝ Հարություն Հարությունյանը և Հայկ Պարիկյանը որոշել են հացադուլ հայտարարել՝ մինչև իրենց պահանջի կատարումը՝ «հոսանքի օրենքի չեղարկումը»:

 

Բաղրամյանից առանց հաղթանակի չենք հեռանալու. նոր նախաձեռնության հայտարարությունը (ուղիղ)