ՀԷՑ-ի տնօրենը կարող է քավության նոխազ դառնալ. ռեժիսոր
Ըստ ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի՝ ապուշին էլ է պարզ, որ մի երկրում, որն ունի ատոմակայան ու էլեկտրաէներգիա է վաճառում հարևան երկրին, պետք է էլեկտրաէներգիայի սակագինը ավելի էժան լինի, եթե այդպես չէ, ուրեմն պարզ է՝ թալանում է ՀԷՑ-ը։
«Ակնհայտ է, որ միայն ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը չէ մեղավոր ստեղծված իրավիճակում: Նա նույնիսկ կարող է քավության նոխազ դառնալ, որովհետև տեսնում ենք, թե ինչ դղյակներ ունեն ՀԷՑ-ի այլ աշխատողներ»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։
Սուրեն Շահվերդյանը նշեց, որ ՀՀ Նախագահի վերջին ելույթից հասկանալի է, որ առանձնապես ոչինչ տեղի չի ունենալու աուդիտից հետո։
«Մենք չենք հավատում ու չենք էլ վստահում, որովհետև բաժակը լցվել է: Ոչ մի լավ սպասելիք չկա»,-ասաց նա, միաժամանակ նշելով, որ խնդրի նկատմամբ բոլորն են դժգոհ հետևաբար կարելի է հասնել արդյունքի։
Նա վստահություն հայտնեց, որ ոստիկանները, ովքեր կանգնած են Բաղրամյանում, ներքին ուրախությամբ ու համակրանքով են լցված ցուցարարների նկատմամբ :
Ասուլիսին ներկա էր նաև երգահան Լիլիթ Պիպոյանը, ով ցավով նշեց, որ ութօրյա պայքարի դիմաց ցուցարարները ի վերջո ստացան միայն խոստում։
«Որքանով արդյունավետ կլինի կամ ճիշտ կերպով կանցկացվի աուդիտը, ժամանակը ցույց կտա։ Ամեն դեպքում այս բողոքից հետո այլևս հետ քայլ չի լինելու: Կարծում եմ, որ կարճ ժամանակ հետո ավելի սուր կերպով պահանջը կդրվի նաև մյուս խնդիրների համար»,-ասաց նա։










