Բրիտանիայի փոքրիկ արքայադստեր մկրտությունը տեղի կունենա այս կիրակի
Քեմբրիջի դուքսն ու դքսուհին հրավիրել են բոլոր ցանկացողներին տեսնել արքայադուստր Շառլոտին Սենդրինգհեմի եկեղեցում, որտեղ կիրակի կկայանա նրա մկրտության արարողությունը:
Ինչպես տեղեկացնում է Euromag–ը` The Telegraph-ին հղումով, թագավորական զույգը խնդրել է հանրության համար ցանկապատված տարածք բացել Սուրբ Մարիա Մագդաղենացու եկեղեցու մոտ, որպեսզի Մեծ Բրիտանիայի բնակիչներն ու հյուրերը կարողանան տեսնել արքայադստերը մկրտությունից առաջ և հետո:
Եկեղեցին բաց կլինի միայն հրավիրվածների համար: Ակնկալվում էր, որ եկեղեցու շուրջ հազարավոր մարդիկ կհավաքվեն` օգտվելու փոքրիկ արքայադստերը տեսնելու եզակի հնարավորությունից:
Առաջին անգամ թագավորական ընտանիքի անդամի մկրտությանը ներգրավված կլինի հանրությունը: Երկու տարի առաջ` արքայազն Ջորջի մկրտության ժամանակ հանրության համար ընդհանրապես հասանելիություն ապահովված չէր:










