Իսպանիայում ուժի մեջ է մտել բողոքի ցույցերի սահմանափակման մասին օրենքը
AP
Իսպանիայում ուժի մեջ է մտել իրավապաշտպանների և արհմիությունների դժգոհությունն առաջացրած «Քաղաքացիական անվտանգության» մասին օրենքը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Օրենքը ոստիկանությանն ավելի շատ իրավունքներ է տալիս ցույցերը ցրելու համար, իսկ իշխանական մարմինների շենքերի մոտ բողոքի ցույցերի տարածքը կրճատվում է։
Ցուցարարների համար կսահմանափակվի Մադրիդում կոնգրեսի և սենատի շենքերի, ինչպես նաև շրջանների կառավարությունների մոտ ցույց անելու հնարավորությունը: Բացի այդ, անօրինական են դառնում վտարման դեմ ցույցերը։ Անօրինական հանրահավաքի կազմակերպիչների համար տուգանքը կարող է կազմել 600 հազար եվրո:
Հազարավոր ցուցարարներ երեքշաբթի օրը՝ հունիսի 30-ին, դուրս են եկել Մադրիդի փողոցներ՝ ի նշան օրենքի ընդունման դեմ բողոքի, որը նրանք համարել են խոսքի ազատության դեմ ոտնձգություն։










