Հայաստան՝ երգ ու պար, բայց ոչ հեղափոխություն. EurasiaNet-ն անդրադարձել է երևանյան ցույցերին
EurasiaNet-ը հրապարակել է «Հայաստան. երգ ու պար, բայց ոչ հեղափոխություն» խորագրով հոդված, որում անդրադարձ է կատարվում Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցերին։
«Բազմաթիվ աչքեր, հատկապես՝ Մոսկվայից, ակնդետ հետևում են Երևանին` ենթադրելով, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բողոքի ակցիան հետխորհրդային այդ երկրում կվերածվի հեղափոխության: Սակայն այս պարագայում սպասել, թե երբ են գործի դրվելու մոլոտովյան կոկտեյլները, անիմաստ է:
Ոստիկանության միջամտության վտանգի վերացման արդյունքում զանգվածային բողոքի ակցիան ավելի շատ նմանվել է համազգային տոնի, որի երիտասարդ մասնակիցները երգում-պարում են Երևանի`արդեն մի քանի օր փակված Բաղրամյան պողոտայում:
Զենքերի փոխարեն ցուցարարներն ավանդական քոչարի են պարում, մարզական խաղեր խաղում ու փորձում համատեղ ուժերով ամեն առավոտ մաքրել փողոցը»,-նշվում է անդրադարձում:
Հոդվածի հեղինակ Գիորգի Լոմսաձեն նկատում է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակն իր ազդեցությունն է ունեցել նաև ֆրանսիական կողմին վաճառված «Երևան Ջուր» ընկերության` ջրի սակագինը բարձրացնելու որոշման վրա: Այժմ ընկերությունն ընդունում է, որ թանկացման կարիք չկա...
Նորից անցում կատարելով բողոքի ակցիաների թեմային` հոդվածագիրը հավելում է, որ «ակցիայի մասնակիցները բացի երգ ու պարից, մարզական խաղերից ու մաքրությունից որոշել են նաև գրական ընթերցումներ կազմակերպել` պատառիկներ ընթերցելով ակցիայի մասնակիցների սիրած գրքերից»:
«Եթե սա հեղափոխություն է, ապա Կովկասի համար անչափ տարօրինակ մի ձևաչափ է»,-նման եզրահանգմամբ է ավարտվում անդրադարձը:










