Փակ պողոտայի անհարմարություններն ու անհանգստությունները. Բաղրամյանի բնակիչները ստորագրահավաք են սկսել
Մայրաքաղաքի գլխավոր պողոտաներից մեկը՝ Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ արդեն 10 օր, ինչը հասցրել է դժգոհությունների պատճառ դառնալ ոչ միայն տեղի բնակիչների համար, այլ նաև երթուղայինի վարորդների: Իսկ շտապօգնության բուժաշխատողները ստիպված են դիմել փողոցը փակ պահող քաղաքացիներին և հորդորել՝ ավելի գթասիրտ ու շրջահայաց գտնվել և չխաթարել կարևոր ծառայության աշխատանքը:
Ավելին՝ Բաղրամյան պողոտայի բնակիչները երեկվանից ստորագրահավաք են կազմակերպել՝ պահանջելով դադարեցնել ցույցերը պողոտայում, քանի որ անհարմարություններն ու անհանգստությունները չափից շատ են: Այս մասին Tert.am-ին ասաց Բաղրամյան 2 հասցեի բնակչուհիներից մեկը։
«Երկու կողմերի շենքի բնակիչներն էլ ստորագրահավաք ենք սկսել, որովհետև այլևս անտանելի է, չենք կարողանում քնել, չենք կարողանում ընդհանրապես պատշգամբի դուռ բացել, որովհետև սարսափելի աղմուկ է: Համակեցության պայմանները չեն պահում մեր սիրելի ցուցարարները, էլ չեմ ասում դրանից բխող մյուս բոլոր հետևանքների մասին»,-ասաց նա:
Նա նկատեց, թե բարեբախտաբար կոնկրետ իրենց շքամուտքը փակվում է, սակայն կան շենքեր, որոնք փակ չեն: «Չգիտեմ՝ սա ինչքան կարող է շարունակվել, և ինչքան կարող է մեր ներվերը դիմանալ, որովհետև երեխաները չեն կարողանում քնել, իսկ փողոցում գիշերվա 4-ին ֆուտբոլ են խաղում, հեծանիվ են քշում, հետո գոռում են, հետո ծիծաղում են, այսպես արդեն 10 օր անընդմեջ»,-ասաց նա:
Բնակչուհին նշեց, թե անհարմարություններն ու անհանգստությունները շատ-շատ են, մեքենաները թույլ չեն տալիս ավտոտնակներում կայանել, շուկայից առևտուրը դժվարությամբ են բարձրացնում, և այլն և այլն:
«Չեմ հասկանում Բաղրամյանում մնալու իմաստը, եթե գոյություն ունի Ազատության հրապարակ, որտեղ բնակիչներ չկան, թող գնան՝ ինչ ուզում են անեն, կարող են հանգիստ գոռալ, խաղալ, ես չեմ ընդունում, դա պայքարի ձև չէ: Առաջին երկու օրը եկան, ինքնաբուխ ցույց էր, երիտասարդներ էին, ներկայացրեցին պահանջը, լրիվ ընդունելի է, բայց այսպես շարունակել ու մարդկանց պահել տոտալ ներվային վիճակում՝ ես չեմ կարողանում հասկանալ: Մի կողմից շոգն է, մյուս կողմից իրենց պահելու ձևն է, աղմուկը թույլ չեն տալիս, դուռ, լուսամուտ բացել»,-ասաց նա:
Առողջապահության նախարարությունն էլ իր հերթին է զգուշացնում. ««Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի բուժաշխատողները Բաղրամյան պողոտան դեռևս փակ պահող քաղաքացիներին հորդորում են ավելի գթասիրտ ու շրջահայաց գտնվել և չխաթարել կարևոր ծառայության աշխատանքը։ Շտապ բժշկական օգնության կարիք ունեցող մարդու համար շատ դեպքերում կորցրած րոպեները կարող են ճակատագրական լինել։ Եվ երբեք չենք կարող բացառել, որ այդ մարդը կարող է լինել ցանկացածիս հարազատը կամ հենց ինքներս»,-նշել են հայտարարության մեջ։
Նախարարությունից տեղեկացնում են, որ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում ստացված կանչն սպասարկելու նպատակով բրիգադը նշված հասցե է հասել 22։34-ին։ Սակայն ծայրահեղ ծանր վիճակում 87 տարեկան կնոջը հիվանդանոց հասցնելու համար շտապբուժօգնության մեքենան ստիպված է եղել շրջանցել Բաղրամյան պողոտան և երկար ճանապարհ անցնել Հերացի համալսարանական կլինիկա հասնելու համար։ Ցավոք, կինը հիվանդանոցում մահացել է։
«Սա վերջին մի քանի օրում չորրորդ դեպքն է, երբ Բաղրամյան պողոտան փակ լինելու պատճառով խաթարվում է շտապբուժօգնության աշխատանքը։ Հունիսի 25-ին Զուրաբյան 6 հասցեից հղի կնոջը հիվանդանոց հասցնելու համար բժիշկը ստիպված է եղել Կասկադի մոտից ոտքով հասել ծննդաբերող կնոջը, այնուհետև նրան կրկին ոտքով տեղափոխել շտապբուժօգնության մեքենայի մոտ։ Այսպես, կնոջը կարողացել են Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական ինստիտուտ հասցնել 40 րոպեում, ինչը հնարավոր էր անել հաշված րոպեներում։ Նույն պատճառով հունիսի 28-ին, ժամը 19.16-ին շտապօգնության բրիգադն ուշացումով է հասել Բաղրամյան 1 փակուղու 14 շենքի սրտային հիվանդ բնակչին։ Նույն օրը, ժամը 1։07-ին կանչ է ստացվել Զարուբյան փողոցի հյուրանոցից։ Այստեղ ոտքը վնասած բնակչին օգնության ցուցաբերելն ուշացել է գրեթե կես ժամով, քանի որ կրկին բրիգադը ստիպված է եղել ճանապարհի մի մասը ոտքով անցնել»,-նշում է նախարարությունը։
Ոչ պակաս դժվարությունների առաջ են կանգնած ուղևորափոխադրողները, ովքեր ևս դժգոհում են, որ կարևոր պողոտան փակ լինելու պատճառով ստիպված են այլ փողոցներով անցնել, կանգնել երկար ժամանակ խցանումների մեջ և քիչ ուղևոր փոխադրել:
Tert.am-ի հետ զրույցում Ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը նշեց, թե դժգոհությունները շատ են և վարորդները ևս պահանջում են անհապաղ քայլեր ձեռնարկել, երթևեկությունը բնականոն հունի բերելու համար:
«Ահավոր խնդիրների է առաջացրել փակ փողոցը: Ուղևորափոխադրումների կարգը ամբողջովին խաթարվել է, խցանումներում ժամերով կանգնում են երթուղայինները, և բնակիչները ավելի քիչ են օգտվում, այդ իսկ պատճառով չեն կարողանում աշխատել, ավելի քիչ երթուղային է դուրս գալիս աշխատելու»,-ասաց նա:










