ԱՄՆ-ն պահանջել է Շվեյցարիայից արտահանձնել ՖԻՖԱ-ի պաշտոնյաներին
AP
ԱՄՆ-ի իշխանությունները Շվեյցարիայի իրավապահ մարմիններին դիմում են ուղարկել՝ կոռուպցիայի գործով ձերբակալված ՖԻՖԱ-ի պաշտոնյաներին արտահանձնելու վերաբերյալ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Շվեյցարիայի արդարադատության նախարարության և ոստիկանության տվյալներով՝ դիմումն արդեն ստացվել է: Ընդ որում՝ ԱՄՆ-ից ստացված նյութերը դեռ չեն քննարկվել:
Խոսքը Ցյուրիխում պարբերաբար կաշառք ստանալու համար կասկածվող յոթ բարձրաստիճան պաշտոնյաների արտահանձնման մասին է: Գործողությունն իրականացրել է շվեյցարական ոստիկանությունը՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյից ստացված նյութերի հիման վրա:
Կոռուպցիոն սկանդալը ՖԻՖԱ-ում տեղի է ունեցել մայիսի վերջին: Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետաքննության արդյունքներով՝ մեղադրանք է առաջադրվել 14 մարդու:
Սկանդալի ֆոնին ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը համաձայնել է լքել իր պաշտոնը՝ նշելով, որ նրան փոխարինողին պետք է ընտրի կազմակերպության հատուկ կոնգրեսը, որը կանցկացվի դեկտեմբերից ոչ շուտ: Մինչ այդ ՖԻՖԱ-ի նախագահ է մնում Բլատերը։










