Հայաստանում Լեյշմանիոզ վարակի տարածվածություն չկա. մասնագետ
Հիվանդությունների վերացման և կանխարգելման ազգային կենտրոնի աշխատակից Լուսինե Պարոնյանը Tert.am-ի հետ զրույցում արձագանքելով մամուլում տեղ գտած հրապարակումներին, թե Կապանում տարածված է «Լեյշմանիոզ» հիվանդությունը, ասաց, որ մինչև այսօր Կապանից 3 հոգու մոտ է արձանագրվել «Լեյշմանիոզ» վարակը:
«Վարակը տարածվում է մլակների միջոցով, երբ մլակը խայթում է հիվանդ կենդանուն, երկու շաբաթվա ընթացքում մակաբույծը մլակի օրգանիզմում զարգացման ցիկլ է ապրում, եթե հետո մլակը խայթում է երեխային, այդ դեպքում է միայն վարակը փոխանվում: Ցածր իմունային համակարգ ունեցող մարդկանց մոտ է տարածվում այդ վարակը»,-տեղեկացրեց Լուսինե Պարոնյանը:
Ըստ նրա՝ վարակի աղբյուր են հանդիսանում տարբեր կենդանիները, հիմնականում՝ շները: «Լեյշմանիոզ» վարակը միշտ տարածված է եղել հատկապես տաք կլիմայական պայմաններ ունեցող երկրներում, Հայաստանին սահմանակից բոլոր երկրներում էլ այն տարածվում է:
Համեմատության համար Լուսինե Պարոնյանն ասաց, որ հարևան Վրաստանում տարեկան մոտ 200 դեպք է արձանագրվում:
«Հայաստանում նախկինում շատ են դեպքեր գրանցվել. եղել է և՛ մաշկային լեյշմանիոզ, և՛ ընդերային լեյշմանիոզ, ինչը որ հիմա արձանագրվում է: Այս պահին վարակի տարածվածություն չկա»,-ասաց մասնագետը՝ միաժամանակ նշելով, որ այդ վարակը բարվոք ընթացք ունեցող հիվանդություն է:










