Ռուսաստանում թոշակառուն կրակել է մոտոցիկլավարի վրա՝ աղմկոտ երթևեկելու համար
ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի տարեց բնակիչը որսորդական հրացանով կրակել է իր հարևանի՝ 22-ամյա երիտասարդի վրա՝ առանց խլացուցիչի մոտոցիկլով երթևեկելու համար, գրում է rg.ru-ն։
Այդ մասին հայտնել են ՌԴ ներքին գործերի նախարարության շրջանային վարչությունից։
Երիտասարդը բազմիցս զգուշացվել է երեկոյան ժամերին լռությունը խախտելու և բնակիչների անդորրը խանգարելու համար, սակայն նա արհամարհել է բոլոր զգուշացումները։
Հուլիսի մեկին երիտասարդի և 63-ամյա թոշակառուի միջև վեճ է ծագել մոտոցիկլի աղմկոտ լինելու շուրջ, որի ժամանակ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող թոշակառուն կրակել է տղայի վրա։
Այժմ նա գտնվում է տեղի հիվանդանոցում, բժիշկները նրա վիճակը կայուն են գնահատում։
Թոշակառուին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք։ Հետաքննությունը շարունակվում է։










