Սա իրո՞ք ռազմավարական դաշնակցի հարաբերություն է՝ զինել թշնամուն և ստիպել ՀՀ-ին վարկ վերցնել և զենք ձեռք բերել. Զ. Փոստանջյան

13:24 • 02.07.15

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի քննարկմանը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հիմնական զեկուցող պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանին հարցրեց, թե չի կարծո՞ւմ, որ սա ստորացուցիչ պայմանագիր է:
 

«Պարզ է, որ ՌԴ-ն այսպիսի զինատեսակով զինել է նաև Ադրբեջանին և հիմա էլ վարկ է տրամադրում, որի միջոցով մեր արտաքին պարտքը ավելացնում եք և փորձելու եք հավասարակշռությունը պահպանել: Ձեր դիրքորոշման ինչպիսին է, սա իրո՞ք ռազմավարական դաշնակցի գործընկերային հարաբերություններ են։ Թե ուղղակի այնպես է, որ մեր թշնամուն  զինում է, հետո մեզ ստիպում է, որ պարտք վերցնենք, իրենից այս տիպի զինատեսակ գնելու համար»,-հարցրեց նա և ինքը փաստեց, թե  սա հուշում է, որ այլ հարաբերություններ են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև:


«Չգիտեմ՝ Դուք ինչպես եք պատկերացնում անվտանգության միջավայր ասվածը, և ինչպես եք  պատկերացնում ուժային հնարավորությունները և այն սպառնալիքները, որն առկա է, եթե ուսումնասիրեիք, ինձ թվում է նման հարցադրում չէիք անի և նման տոնով չէիք դիմի մեզ»,-ասաց Արա Նազարյանը։


Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարության սխալ վարած քաղաքականության արդյունքում կարևոր պաշտպանողական համակարգ ապահովող ձեռնարկությունները զիջել ենք ՌԴ-ին. «Եվ հիմա գնացել եք՝ վարկ վերցնում և ուզում եք ասել, թե պաշտպանությունից ելնելով եք այդ վարկը վերցնում: Ուղղակի սա ստորացուցիչ պայմանագիր է, որը բացարձակ կապ չունի մեր պաշտպանության հետ»։