Բաղրամյանում ցուցարարների միջև ոչ թե պառակտում տեղի ունեցավ, այլ պայքարը շարունակվեց երկու ճակատով. ակտիվիստներ
Բաղրամյան պողոտայում ցուցարարների միջև ոչ թե պառակտում տեղի ունեցավ, այլ պայքարը շարունակվեց երկու ճակատով: Այսօր Բաղրամյան պողոտայում մեկնարկած «Ազատություն» ռադիոկայանի Facebook-յան ասուլիսին ասաց ակտիվիստ, պողոտայում նստացույց իրականացնողներից Վահագն Մինասյանը:
««Ոչ թալանին» նախաձեռնությունը ավելի շատ իրավական ուղղությամբ է տանում շարժումը: Պայքարի այս երկու ձևերը փոխլրացնում են իրար: Քանի դեռ մեզ տրված հարցերը հնչում են՝ «դուք»-ով, ուրեմն երկրում դեռ երկար ամեն ինչ այսպես էլ կմնա: Շարժումը նոր թափ է առել, ավելի համակարգված է դառնում, և հասնելու է նախապես նշված պահանջներին»,- ասաց նա:
Ակտիվիստ, «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանին ուղղված հարցին, թե ինչու պայքարի առաջին օրերին Բաղրամյանում չէր և սկսեց հետևել այն դեպքում, երբ մեծ թափ առավ շարժումը, պատասխանեց, որ հենց առաջին օրերից եղել է «Ոչ թալանին»-ի հետ:
«Կարևորը որ իներտ չեմ ու թեկուզ հեռվից մասնակցում էի, թեև սկզբից էլ մասնակցել եմ նախաձեռնության տարբեր միջոցառումներին, բայց նաև ամիսներ առաջվանից կար պլանավորված աշխատանքներ Եվրոպայում: Մասնակցում էի գլոբալ անվտանգության ֆորումին: Պետք է ցավով ասեմ, որ այդ բարձր հարթակում Հայաստանը ներկայացված չէր բարձր մակարդակով, քանի որ քննարկվում էր աշխարհում տեղի ունեցող կարևոր հարցերը»,- ասաց նա:
Հարցին, թե ինչու Բաղրամյանում այլևս չեն հնչում կոչեր ու պահանջեր, Դավիթ Սանասարյանը զարմացավ, որ մարդիկ չեն նկատում հնչող կոչերն ու պահանջները:
«Էստեղ ինստիտուտեր չեն աշխատում, այլ քաղաքացիներ, նրանցից շատերը ցերեկը աշխատանքի են գնում, երեկոյան գալիս են այստեղ: Փորձում ենք իրավիճակ փոխել»,-ասաց նա:
Նույն հարցի հետ կապված Վահագն Մինասյանն էլ ասաց, որ պետք չէ հարցնել, թե ինչու չի արվում այս կամ այն, պետք է գալ, կանգնել իրենց կողքին ու գործել:
«Հարթակը ազատ է և չի կարելի տանը նստել ու քննադատել: Դրանից հեշտ բան չկա: Խնդրում եմ եկեք, նստենք, խոսենք, քննարկենք, որովհետև այստեղ յուրաքանչյուր քաղաքացի համակարգող է, կազմակերպող է և այլն»,- ասաց նա:










