Սաուդյան Արաբիայում նոր զինված ընդդիմադիր շարժում է ձևավորվել. ԶԼՄ-ներ
Լուսանկարը՝ asialive.info-ի
Սաուդյան Արաբիայում ձևավորվել է նոր զինված ընդդիմադիր շարժում՝ «Նաջրանի երիտասարդություն», որն իր նպատակն է համարում հարավ-արևելյան Նաջրան նահանգը թագավորությունից առանձնացնելը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով իրանական Fars գործակալությանը։
Կազմակերպությունը ստեղծվել է 10 օր անց այն բանից հետո, երբ նահանգում բնակվող ցեղերը միավորվեցին «Ախրար ան-Նաջրան» կազմակերպությունում, որի նպատակը նույնպես Եմենին սահմանակից նահանգը թագավորությունից անջատելն է և եմենցիներին աջակցելը։
1920-1930-ականներին Եմենը և Սաուդյան Արաբիան պայքարել են Նաջրանի համար։ 1934-ին նահանգի տարածքը գրավվել է և միացել թագավորությանը։ Այդ ժամանակից ի վեր բնակիչները բողոքում են մշտական խտրականությունից։










