Էլէներգիայի թանկացման դեմ պայքարողներն Ազատության հրապարակից երթով գնացին Բաղրամյան պողոտա

09:17 • 03.07.15

Մայրաքաղաքի գլխավոր պողոտաներից մեկը՝ Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ։ Արդեն 11-րդ օրն է, ինչ քաղաքացիները, դեմ արտահայտվելով  էլէներգիայի թանկացմանը, շարունակում են շուրջօրյա ակցիաները պողոտայում։
 

ՀՀ ՀԾԿՀ-ն հունիսի 17-ին որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6,93 դրամով: Հունիսի 19-ին Երևանի կենտրոնում` Ազատության հրապարակում, մեկնարկել է բողոքի ակցիա` հանրահավաք, այնուհետև` նստացույց:  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին խորհրդակցություն է անցկացրել հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ, որի ընթացքում շարունակվել են Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, այդ համակարգի հետագա առողջացմանը և առկա խնդիրներին լուծումներ գտնելուն ուղղված քննարկումները: Նախագահ Սարգսյանը նշել է, որ սակագնի բարձրացումը չեղյալ հայտարարելը ծայրահեղ վտանգավոր է: Ուստի, մինչև եզրակացության կազմումը այդ ընկերության կողմից կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Դրանից հետո «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները որոշեցին գալ ու ակցիան շարունակել Ազատության հրապարակում, սակայն ցուցարարների մի մասը մնաց Բաղրամյան պողոտայում:

 

21.12


Ազատության հրապարակից մեկնարկած հոսանքի թանկացման դեմ իրազեկման երթի մասնակիցներն անցան Հյուսիսային պողոտայով, քաղաքացիներին կոչ արեցին գնալ դեպի Բաղրամյան պողոտա:

«Միացում», «Չեղարկում» «Ո՛չ հոսանքի ապօրինի թանկացմանը» վանկարկումներով երթի մասնակիցները քայլեցին դեպի Բաղրամյան պողոտա:  

Ակցիայի մասնակիցները հնչեցրին նաև իրենց պահանջները՝ չեղարկել էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ ՀԾԿՀ որոշումը:  

Այս պահին Բաղրամյան պողոտայում «Զոմբիներ» ռոք խմբի համերգն է:


Բաղրամյան պողոտայում երեկ տեղի ունեցած դեպքերին ծանոթացեք այստեղ: