Ֆրանսիան մերժել է Ասանժին քաղաքական ապաստան տրամադրելու հարցում

14:42 • 03.07.15

РИА Новости. Елена Пахомова

 

Ֆրանսիայի իշխանությունները չեն կարող բավարարել WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի դիմումը՝ երկրի տարածքում նրան քաղաքական ապաստան տրամադրելու մասին: Այդ մասին ասված է Ելիսեյան պալատի հայտարարությունում, գրում է ria.ru-ն:

 

Ասանժն ուրբաթ օրը ֆրանսիական Le Monde թերթի էջերից դիմել էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ խնդրելով իրեն քաղաքական ապաստան տրամադրել:

 

«Ֆրանսիան ստացել է պարոն Ասանժի նամակը: Այն հիմնովին ուսումնասիրելիս երևում է, որ հաշվի առնելով իրավական բաղադրիչները և պարոն Ասանժի նյութական վիճակը՝ Ֆրանսիան չի կարող բավարարել այդ դիմումը»,- ասված է կոմյունիկեում:

 

Ֆրանսիայի նախագահի գրասենյակի համաձայն՝ «Ասանժն անմիջական վտանգի մեջ չէ»:
«Մյուս կողմից՝ գործում է նրա ձերբակալության միջազգային օրդերը»,- ասված է փաստաթղթում:

 

Ավելի վաղ Ասանժին և ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին քաղաքական ապաստան տալու հնարավորության մասին հայտնել էր Ֆրանսիայի արդարադատության նախարար Քրիստիան Տոբիրան, սակայն վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ այդ հարցն օրակարգում չէ:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ հրապարակվել է ֆրանսիացի մշակութային գործիչների դիմումը՝ ուղղված երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդին։ Նամակում նրանք խնդրում են ապաստան տրամադրել WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին և ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին:

 

Բաց նամակի տակ իրենց ստորագրություններն են դրել ռեժիսորներ Ժակ Օդիյարը, Մատյե Կասովիցը և Կոստա Գավրասը, դերասաններ Լուի Գարելը, Վենսան Կասելը, Իրեն Ժակոբը և Լյուդվին Սանյեն, կոմպոզիտոր Ժան- Միշել Ժարը, գրող Ռոմեն Դյուրին, նախկին ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան և ուրիշներ։

 

Նշենք, որ Ասանժը 2012 թվականից թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը։